Մի իրի պատմություն, սեկրետեր

Գրասեղանի այս տեսակը`սեկրետերը, 17-18 դարերից կանանց գաղտնիքների  ևս մեկ թաքստոց է։ Այն իր մեջ ունի  գրասեղան, բազմաթիվ դարակներ, արկղեր, ինչպես նաև կարևոր փաստաթղթեր, նամակներ, թանկարժեք իրեր պահող  գաղտնի մեխանիզմներով  գզրոցներ: Գրասեղանը կառուցվածքով շատ մոտ է բյուրոյին։
Պետք է նաև նշել, որ «սեկրետեր» եզրույթը կիրառվում է  կահույքի շատ տեսակների վրա, որոնք ունեն  նման մի քանի  գործառույթ:
Գրասեղանի այս տեսակը առաջին անգամ պատրաստվել է  1730 թվականին, այն պատկանում էր կանացի կահույքին և կարծես փոքրիկ սեղան էր` ծալովի տախտակով և թղթերի համար պահարանիկով։ Հետագայում նամակների և գործնական փաստաթղթերի պահպանման համար շատ արկղիկներ ավելանալու հաշվին նրա չափսերը մեծացան:
Սեկրետերը իսկական հուսալի թաքստոց էր, որովհետև նրա գաղտնի գզրոցները մանրազնին կերպով քողարկված էին արտաքին գզրոցներով: Ով կարող է մտածել, որ, արկղերից մեկը բացելով և սեղմելով զսպանակը,  կարող ես գտնել ուրիշ արկղիկ:
Ահա, թե ինչու,  սեկրետերը եղել է բարձր արիստոկրատական խավի խորհրդանիշը:
Եվ ամեն կին չէ, որ կարողացել է իրեն թույլ տալ նման շքեղություն. չէ որ սեկրետերները պատրաստում էին թանկ տեսակի ծառերից:

Share This