Առաջարկել ենք ավելացնեն ռուս խաղաղապահների թվաքանակը և ստանան միջազգային մանդատ. Դավիթ Բաբայան

Արդեն ավելի քան 29 ժամ  Արցախն ամբողջությամբ շրջափակման մեջ է, արդեն իսկ սկսվել է  այդ տոտալ շրջափակումը։ Սա փաստ է։ Դա կլինի՞ նախաբան ավելի  լայնածավալ գործողութունների համար։ Ինչ որ կերպ դա կախված է միջազգային հանրության  համապատասխան արձագանքից»,- Երևանում ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա, եթե չլինի արձագանք, որևէ շահագրգռվածություն, Արցախի ժողովրդի նկատմամբ կարեկցանք, լինի անտարբերություն, իհարկե, սա կարող է բերել նորանոր զարգացումների, եթե հիմա չէ, ապա մի քիչ ավելի ուշ կամ հաջորդ անգամ։

Բաբայանն ընդգծեց՝ անպատժելիությունը խթանում է ագրեսիան։

«Իհարկե, երբ որ ադրբեջանցիները տեսնում են անպատժելիություն, միջազգային հանրության որոշ անդամների կողմից խրախուսում, օրինակ, նույն Թուրքիայի կողմից, բնական է, Ադրբեջանն ավելի համարձակ է դառնում, դիմում է  այսպիսի սարսափելի քայլերի. փաստորեն 21-րդ դարում սովամահի առջև կանգնեցնում մի ողջ ժողովրդի»,- ասաց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Նա կարծում է, որ եթե աշխարհով մեկ լինի կոշտ արձագանք, դա իր ազդեցությունը կունենա, ճիշտ է՝ ոչ 100 տոկոս կազդի, բայց ազդեցություն կունենա։

Ինչ վերաբերում է  ռուս խաղաղապահների  կողմից ռազմական ճանապարհով ճանապարհը բացելու հնարավորությանը, Դավիթ Բաբայանն ասաց. «Առաջարկել ենք, որ անհրաժեշտ է նախ և առաջ ավելացնել խաղաղապահների թվաքանակը։ 1980 հոգի՝ շփման գծի ամբողջ երկայնքով կամ մոտակայքում տեղակայված, քիչ թիվ է։ Ադրբեջանական, այսպես կոչված թատերական այս ներխուժման դեմ կանգնած էին ընդամենը 1-2 խաղաղապահ զինվոր։

Երկրորդ,  մենք առաջարկել ենք, որպեսզի ռուս խաղաղապահները ստանան միջազգային մանդատ։ Ցանկալի էր հենց ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից։ Դա հնարավորություն կտար միջազգային լեգիտիմություն և հնարավորություն կանխելու նման պրովակացիաները, քանի որ այդ ուժերը խաղաղապահներ են,  նրանք չեն պարտադրում խաղաղություն, ինչպես եղել է  Կոսովոյում, այլ տեղեր։

Ստանալով միջազգային մանդատ՝ արդեն որոշ նոր որակներ կհաղորդվեր այդ առաքելությունը և միգուցե իրավիճակն ավելի կայուն կլիներ»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )