Բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները կբավականացնեն մի քանի օր. Արցախի ՄԻՊ
Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը փորձում է կաթվածահար անել Արցախը։ Երևանում ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
Նշենք, որ նա Ֆրանսիայից է վերադաձել և ճանապարհը փակ լինելու պատճառով չի կարողացել գնալ Արցախ։
«Արցախը շարունակում է մարտնչել և շարունակելու է։ Մենք բոլորս հիմա պետք է միասնական ճակատով հանդես գանք։
Ողջ հայությանը կոչ եմ անեմ, որպեսզի միասնական ջանքերով մեր ձայնը լսելի դարձնենք միջազգային տարբեր ատյաններում։
Միջազգային հանրությանն էլ կոչ ենք անում քայլեր ձեռնարկել և զսպել Ադրբեջանի հայատյանց, մարդատյաց, ցեղասպան քաղաքականության դրսևորումը և ամեն ինչ անեն, որ ճանապարհը բացվի»,- ասաց Բաբայանը։
Ասուլիսին ներկա են նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Նրանք Հայասանում էին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար և ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ Արցախ։
Գեղամ Ստեփանյանը միջազգային դերակատարներին, միջազգային իրավապաշտպան, միջկառավարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց կարևոր հանգամանքի վրա՝ փաստացի այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ։
Նա ընդգծեց, որ Արցախը նաև օդային հաղորդակցություն չունի աշխարհի որևէ կետի հետ։
«Մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքը հստակ ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվի կենսաապահովման համար անհրաժեշտ պայմանները, իսկ մենք տեսնում ենք, որ արդեն 24 ժամ շարունակ խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը, և դա իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ ու նրա հրահանգներով։ Այն թեզեր, որոնք շրջանառվում են իբրև բնապահպանական հարցեր և այլն, ամբողջությամբ կեղծ են և կան տեղեկատվություն, որ այդ ճանապարհը փակողները հիմնականում ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղորդվողներն են, այդ թվում նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,- ասաց Գ. Ստեփանյանը։
Նա նշեց, որ 24 ժամից ավելի դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումն ամբողջ Արցախի տարածքում։
«Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ահազանգեր է ստանում, որ բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները մի քանի օրվա կբավարարեն, նման ձևով շարունակվելու դեպքում այս հարցում կանգնելու ենք շատ լուրջ խնդրի առաջ։
Միևնույնը վերաբերում է նաև սննդամթերքի ու էներգակիրների, խոսքը դիզվառելիքի մասին է, մատակարարումներին»,- ասաց ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
Նա տեղեկացրեց, որ 1100 մարդ ձմռան այս ցուրտ պայմաններում մնացել է ճանապարհներին, այդ թվում 270 երեխա, ովքեր զրկվել են իրենց ընտանքիներին միանալու հնարավորությունից։
«Սա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման, ցեղասպանական քաղաքականության հերթական բաղադրիչն է։
Այն իրականացվում է հետողականորեն և համակարգված կերպով։ Դրանք հատուկենտ դեպքեր չեն, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաստատված հրադադարի դիտավորյալ խախտումներ և ձեռք բերված պայմանավորվածությունների դիտավորյալ խաթարումներ»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
