Փոխկապակցված գործընթացներ

Այն ինչ տեղի ունեցավ Երևանում անցկացված ՀԱՊԿ Խորհրդի նիստում,հազիվ թե կարելի է անակնկալ համարել։Մեկ անգամ ևս համոզվեցինք,որ այդ իբր թե պաշտպանական կառույցի կազմում ընդգրկված երկրները գործնականում ոչ թե մեր դաշնակիցներն են,այլ մեր թշնամու բարեկամներն ու դաշնակիցներն են։Եվ ինչքան էլ ՀԱՊԿ-ը կանոնադրությունը հավասար իրավունքներ և պարտականություններ է սահմանում կառույցին անդամակցող բոլոր 6 երկրների համար,ակնհայտ է,որ այսպես ասած,առաջին ջութակի դերը միշտ պատկանել է և այժմ էլ պատկանում է Ռուսաստանին,և միայն Մոսկվայի շահագրգռվածության դեպքում այն կարող է դիմել գործնական քայլերի,ինչպես,օրինակ դա տեղի ունեցավ ղազախստանյան հայտնի իրադարձությունների ժամանակ։Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին,ապա Ռուսաստանը մի կողմից ցանկանում է պահպանել այստեղ իր ազդեցությունը,ունենալով ռազմաքաղաքական և տնտեսական լծակներ թե Հայաստանի,և թե Ադրբեջանի վրա,մյուս կողմից,սակայն ամեն կերպ ջանում է լավ հարաբերություններ ունենալ հատկապես Ադրբեջանի հետ,որը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է և եթե Մոսկվայի ու Բաքվի միջև խնդիրներ առաջանան,ապա դրանք մեխանիկորեն կտեղափոխվեն Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների տիրույթ,իսկ դա բոլորովին չի բխում Կրեմլի շահերից,հատկապես Ուկրաինայում ակնհայտ ռազմական անհաջողությունների ֆոնին։Մոսկվայի համար Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությունը առանցքային կարևորություն ունի՝Ռուսաստան-Արևմուտք դիմակայության համատեքստում։Եվ հետո,եկեք չմոռանանք,որ սույն թվականի փետրվարի 22-ին,Ուկրաինա ներխուժելուց 2-ու օր առաջ,Ռուսաստանը մեծ պայմանագիր կնքեց Ադրբեջանի հետ,որի համաձայն,2-ու երկրները փաստացի հռչակվեցին ռազմավարական դաշնակիցներ։

Հիմա վերադառնանք ՀԱՊԿ Խորհրդի նիստին։Նորից եմ կրկնում,այն ինչ տեղի ունեցավ Երևանում՝սպասելի էր։Ադրբեջանի բարեկամ երկրները,նախ և առաջ Ռուսաստանն ու Բելառուսը,անկեղծ լինենք,իրենց ապակառուցողական քաղաքականությամբ փաստացի տապալեցին ՀԱՊԿ կոչված կիսամեռ կառույցի բարձրագույն մակարդակով հանդիպումը,հրաժարվելով ոչ միայն ռազմական աջակցություն տրամադրել՝ադրբեջանական ագրեսիայի և օկուպացիայի ենթարկված Հայաստանին,այլ նաև հրաժարվեցին անգամ քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածի վերաբերյալ։Սա ՀԱՊԿ կատարյալ ֆիասկոն էր՝անընդունելի,պարզապես ամոթալի վարքագծի դրսևորում։Այս կերպ ՀԱՊԿ երկրները,ըստ էության,հրաժարվեցին ընդունել ադրբեջանական օկուպացիոն զորքերի՝մեր երկրի տարածք ներխուժման փաստը,անտեսելով նաև Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված կոպիտ ոտնձգությունը։Այս հանգամանքը,իհարկե,չէր կարող անպատասխան մնալ և ՀՀ վարչապետը որոշեց չստորագրել նիստի եզրափակիչ արձանագրությունը։Դրանք ուղարկվեցին լրամշակման։
Այսպիսով արձանագրենք,որ ՀԱՊԿ Խորհրդի նիստը անարդյունք ավարտ ունեցավ,թեև Նիկոլ Փաշինյանը՝հավանաբար բարձրաստիճան հյուրերին չնեղացնելու համար,գագաթնաժողովի անցկացման փաստը գնահատեց դրական և արդյունավետ։Սակայն,բոլորի համար ամեն ինչ պարզ է։Իսկ Ադրբեջանի բռնապետ Ալիևը փորձեց պահը բաց չթողնել և տեղի ունեցածը ծառայեցնել սեփական շահերին։Նա,մասնավորապես հայտարարեց,որ չի մեկնելու Բրյուսել,որտեղ դեկտեմբերի 7-ին նախատեսված էր քառակողմ հանդիպում՝Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի,Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։Ալիևը ասել էր,որ նման որոշում է կայացրել՝սպասվող հանդիպմանը Ֆրանսիայի նախագահի մասնակցության պատճառով։Ըստ նրա,այդ երկիրը իբր թե չի կարող անաչառ միջնորդ լինել։
Ակնհայտ է,որ այս 2-ու գործընթացները փոխկապակցված են։Այսինքն,ՀԱՊԿ կոչված խմբակը՝ՌԴ գլխավորությամբ,Երևանում փաստացի սպասարկեց Բաքվի շահերը,Ալիևն էլ ի պատասխան դրա՝հրաժարվեց մեկնել Եվրոպա,այս կերպ ակնհայտ ռևերանսներ անելով Մոսկվայի և Մինսկի իր բարեկամ-դաշնակիցներին։
Այսպիսով կարող ենք արձանագրել,որ Ալիևի դեմարշը բրյուսելյան հանդիպման դեմ,իրական վտանգ է ստեղծում հայ-ադրբեջանական ընդհանուր բանակցային գործընթացի տապալման համար։Իսկ սա արդեն հղի է անկանխատեսելի հետևանքներով։Այնպես որ,«խաղաղության դարաշրջանի» էջ բացողները պետք է քաջ գիտակցեն այս մասին։

Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )