Եռակողմ հանդիպման արդյունքները
Եռակողմ հանդիպման արդյունքները
Եռակողմ հանդիպման անցկացման փաստը,թերևս առանցքային կարևորություն ուներ Ռուսաստանի համար։Այս կերպ Մոսկվան հստակ ուղերձ հղեց Արևմուտքին առ այն,որ Հարավկովկասյան տարածաշրջանը համարում է իր ազդեցության գոտին և ամենևին էլ մտադիր չէ հեռանալ այնտեղից։Մեսիջը նաև Թուրքիային էր ուղղված,որը 44-օրյա պատերազմի ավարտից հետո,աննախադեպ ակտիվություն է դրսևորում մեր տարածաշրջանում,առաջ մղելով իր գլոբալ պանթյուրքիստական ծրագրերը և սատար կանգնելով Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին։Ռուսաստանը և Արևմուտքը՝իրենց անհաշտ և օրեցօր ավելի սաստկացող դիմակայությունը տեղափոխեցին մեր տարածաշրջան,և դա Հայաստանին չի կարող չանհանգստացնել։Մինչ այժմ Հայաստանի իշխանությունները փորձում էին մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի միջև,միաժամանակ ձգտելով և Մոսկվային չնեղացնել,և Վաշինգտոնին ու Բրյուսելին տարածաշրջան հրավիրելով՝ցույց տալ,որ կարևորում են վերջիններիս դերը հակամարտության կարգավորման գործում։Բայց եկավ պահը,ու այդ պահը,ըստ էության,մոտեցրեց ՌԴ նախագահ Պուտինը,երբ Հայաստանը պետք է ընտրություն կատարեր,թե հիմնական խաղացողներից ո՞ր մեկի միջնորդական ծրագրին է նախապատվություն տալիս։Փաշինյանի իշխանությունը նախընտրեց Ռուսաստանը։Թե որքանով էր այդ ընտրությունը արդարացված՝ցույց կտա ժամանակը,և առաջիկայում սպասվող իրադարձությունները։Սակայն,մի բան ակնհայտ է դառնում,որ Հայաստանի գործող իշխանությանը շատ դժվար է լինելու՝հավաքական Արևմուտքի առջև հիմնավորելու իրենց այս դիրքորոշումը։Որովհետև,երբ դու հստակ ընտրություն ես կատարում աշխարհաքաղաքական կենտրոններից որևէ մեկի օգտին,ուրեմն մյուսին՝այս,կամ այն կերպ հարված ես հասցնում,և այդ դեպքում նաև ինքդ պետք է պատրաստ լինես ընդունելու շատ ավելի ցավոտ հարվածներ։Պատրա՞ստ ենք մենք դրան,ունե՞նք անհրաժեշտ դիմադրողականության ռեսուրս։Ունե՞նք ռազմավարական դաշնակցի աջակցությունը։ՀԱՊԿ-ի մասին ընդհանրապես անիմաստ եմ համարում խոսելը։Թող յուրաքանչյուր հայ մարդ փորձի ինքը պատասխանել այս հարցերին։
Վերադառնալով եռակողմ հանդիպմանը,հիշեցնենք,որ մինչ այդ Ռուսաստանի նախագահը առանձին հանդիպումներ էր անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում,Հայաստանի վարչապետը կարևորել էր Ռուսաստանի միջնորդական ջանքերը,միաժամանակ ընդգծելով,որ Հայաստանի սուվերեն տարածքի մի մասը օկուպացրած ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն այնտեղից,վերադառնալով մինչև 2021 թ-ի մայիսի 11-ը զբաղեցրած դիրքեր։Փաշինյանը նաև մեղադրել էր Ադրբեջանին՝2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ,մասնավորապես արձանագրելով այն փաստը,որ Բաքուն մինչ օրս չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին։Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել՝խաղաղության պայմանագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքներին,և խոսել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման անհրաժեշտության մասին,կրկին բացառելով,այսպես կոչված,«միջանցքի» տրամադրումը Ադրբեջանին։ՌԴ նախագահ Վ.Պուտինը նույնպես անդրադարձել է այս հարցին,խոսել հայ-ռուսական դարավոր կապերի մասին,կարևորելով 2-ու երկրների միջև ռազմավարական դաշնակցային փոխգործակցությունը։Բայց սրա հետ մեկտեղ,Ռուսաստանի նախագահը որևէ կերպ չի մեկնաբանել՝Ադրբեջանի կողմից մեր երկրի դեմ իրականացված սեպտեմբերյան ագրեսիան,և չի խոսել Հայաստանի զավթված տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտության մասին։
Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ռուսաստանցի իր գործընկերոջ հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում,փորձել է հիմնական շեշտադրումն անել՝Բաքվի կողմից անդադար կրկնվող այն թեզի վրա,թե իբր արցախյան հակամարտությունն այլևս անցյալում է,և այժմ եկել է ժամանակը կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները։Ալիևի այս խոսքերին,Պուտինը նույնպես որևէ մեկնաբանություն չի տվել:Նախ Ադրբեջանի նախագահը բացահայտ ստում է,որովհետև Արցախը կա ու լինելու է,իսկ ղարաբաղյան հակամարտությունը դեռ կարգավորված չէ։Եվ հետո,եթե Ռուսաստանի նախագահը այս հարցում համակարծիք լիներ Ալիևի հետ,ստիպված պետք է՝3 տարի անց դուրս բերեր ռուս խաղաղապահ զորքերը Արցախի տարածքից։Իսկ իրադարձությունների զարգացման այս սցենարը ակնհայտորեն Ռուսաստանին ձեռնտու չէ։
Նշենք,որ Պուտինը՝Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է նաև քարտեզագծման և սահմանազատման գործընթացի հետ առնչվող հարցեր,մեկ անգամ ևս հավաստիացնելով,որ պատրաստ է կողմերին տրամադրել՝Ռուսաստանում պահվող նախկին ԽՍՀՄ Գենշտաբի քարտեզները,որոնք ըստ նրա,ամենաճշգրիտն են։
Եռակողմ հանդիպման,թերևս ամենակարևոր արդյունքը (եթե դա կարելի է արդյունք համարել) այն է,որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝նման եռակողմ ֆորմատով հանդիպումները դարձնել շարունակական։Հանդիպման ավարտին,3 երկրների ղեկավարները ընդունել են համատեղ հայտարարություն։Այդ մասին տեղեկացրել է Կրեմլի մամլո ծառայությունը։Ներկայացնենք որոշ դրույթներ։Եվ այսպես,Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից։ՌԴ-ը,Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են 2020 թ-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման հանձնառությունը։Նշելով ռուսական խաղաղապահ զորակազմի առանցքային ներդրումը դրա տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝շեշտադրել են տարածաշրջանում իրադրության կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստումը՝տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելու նպատակով։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
