Ինչպե՞ս է առաջացել «Ադրբեջան» տերմինը

Ք․Ա․ 331թ. հոկտեմբերի 1-ին Գավգամելայի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացին հաղթեց Աքեմենյան Պարսկաստանի վերջին արքա Դարեհ 3-ին և արդեն 330թ. Աքեմենյան Մարաստան սատրապության սատրապ Ատրուպատը հպատակություն հայտնեց Ալեքսանդր Մակեդոնացուն և շարունակեց ղեկավարել Մարաստանը:

Ադրբեջան տեղանվան ծագման մի տարբերակ է գիտականորեն մատուցված ներկայիս Իրանի հյուսիս-արևմտյան շրջանները Ատրպատական անվանումը ստացել են հենց այդ շրջանների սատրապ Ատուրպատի անունով: Ատրպատական անվանումը հենց Ատուրպատի հելլենիստական տարբերակն է, որը թարգմանաբար նշանակում է «կրակի պահապան», հետո Ատր կամ Ատուր մասնիկը վերափոխվեց «Ադուր» տարբերակի, ապա նոր պարսկերենի մեջ՝ «Ադար», այնուհետև՝ «Ազար» տարբերակների:

Ներկայիս միջազգային «Ազերբայջան» տարբերակն արաբական ծագում ունի. ի հայտ է եկել պարսկական «Ազարբայգան» տարբերակի փոխառությունից:

Միջնադարյան արաբ հեղինակներից շատերը փոքր-ինչ այլ կերպ էին մեկնաբանում անվան առաջացումը՝ փորձելով արմատները գտնել «Ադարբադոր» բառի ժողովրդական ստուգաբանության մեջ. թարգմանաբար՝ «Ադոր» կամ «Ադուր» նշանակում է կրակ, «բայկան»՝ պահապան, սպասավոր:

12-րդ դարի արաբ հեղինակներից Յակուտ ալ-Համավին իր «Մուջամ ալ-բուլդան» գրքում արտահայտում է նույն կարծիքը` դա կապելով փաստի հետ, որ Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններում մեծ տարածում ուներ զրադաշտականությունը՝ իր մշտավառ կրակարաններով:

10-րդ դարի պարսիկ հեղինակ Աբդուլլահ իբն-Խորդաբեհը գրում է, որ Իրանի Ադրբեջան շրջանի կենտրոնը Ուրմիա լճի ավազանի արևելյան մասն է, և որ երկրամասի սահմանները հասնում են մինչև Արաքս գետ: Արաքս գետից հյուսիս ընկած տարածքները նա անվանում է «Առան», բայց ոչ Ադրբեջան։

1973թ․ Կոլումբիայի համալսարանը սկսեց «Իրանիկա» նախագիծը, որի նպատակը Իրանի տարածքի և հարևան ժողովուրդների ծագման և էթնոգենեզի խոր ուսումնասիրությունն էր: Ստեղծված «Իրանիկա» հանրագիտարանը նշում է, որ Սեֆյանների ժամանակաշրջանում՝ 16-17-րդ դարերում, «Ազերբայջան» տերմինը սկսել է գործածվել նաև Արաքսից հյուսիս ընկած որոշ տարածքների նկատմամբ, բայց նպատակը նոր հողերի յուրացումը և դրանցից հավելյալ եկամտի հավաքագրումն էր: Ուշագրավ է՝ Սեֆյաններից հետո այս տերմինի գործածումը Արաքսից հյուսիս ընկած տարածքների նկատմամբ արագ մոռացվեց:

Եվրոպական պատմագրության մեջ Արաքսից հյուսիս ընկած տարածքների նկատմամբ «Ադրբեջան» տերմինի գործածումն առաջին անգամ հանդիպում է 19-րդ դարավերջին, և գրեթե բոլոր հեղինակները դա բացատրում են հանգամանքով, որ տեղաբնիկները խոսել են իրանական Ադրբեջանի բնիկ թյուրքալեզու ցեղերի լեզվով:

20-րդ դարասկզբի տարածաշրջանի պատմության մասնագետներ Դյակոնովն իր «История Древнего Востока. Ч. 1. Кн.1-2» և Մինորսկին՝ իր «Древности Маку. Путевые заметки» գրքում պնդում են, որ «Ադրբեջան» տերմինը պետք է գործածել միայն Իրանի հյուսիս-արևմտյան թյուրքալեզու շրջանների նկատմամբ:

Բոլորիս քաջ հայտնի է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքն առաջին անգամ պաշտոնական անվանում ստացավ 1918թ․՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հռչակումով:

Իսկ ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը։

1917թ․ ապրիլի 15-20-ը Բաքվում տեղի ունեցավ «Կովկասի Մահմեդականների Կոնգրեսս»-ի առաջին նիստը, որտեղ առաջին անգամ բարձրաձայնվեցին Կովկասի մահմեդական թյուրքալեզու բնակչության պահանջները, առաջին հերթին՝ «Ադրբեջանի լայն ինքնավարություն»: Մահմեդական գործիչներից Հաջի Զեյնալաբդին Տագիևի պահանջով «Ադրբեջան» տերմինը հանվեց հռչակագրի վերջնական տեքստից: Արդեն 1918թ. մայիսի 27-ին (այլ տարբերակով՝ 28-ին), երբ Անդրկովկասյան Սեյմում գործող Մուսավվաթ կուսակցությունը հռչակեց Ադրբեջանի անկախությունը, նորահռչակ կազմավորման վարչապետ Ֆաթ Ալի Խոյսկին այլ երկրների արտգործնախարարների համար հարկ համարեց փոքրիկ շտկում մտցնել՝ «անկախությունը Ադրբեջանի, որը տարածվում է արևելյան և հարավային Անդրկովկասում»: Այս առիթով Թուրքիայում Պարսկաստանի դեսպանը հատուկ բողոքի նոտա հղեց թուրքական արտգործնախարարություն, որտեղ ասվում էր, որ Ադրբեջան անվան գործածումը թուրքական նոր պետության ստեղծման համար կարող է լուրջ խնդիրներ ստեղծել միջպետական հարաբերություններում, քանի որ Ադրբեջանն իրականում Պարսկաստանի հյուսիս-արևմտյան շրջաններն են:

Ուսումնասիրողներից Դյակոնովը, Բարտոլդը, Շնիրելմանը, Ֆրագները միաբերան պնում են, որ Պարսկաստանի անհանգստությունը զուրկ չէր հիմքերից, քանի որ մուսավվաթականներն իրոք ակնկալիքներ ունեին մի օր միավորվել Իրանի տարածքի՝ իրենց ցեղակից թյուրքալեզու բնակչության հետ և կազմել Միացյալ Ադրբեջան: Հազիվ թե պատահական լիներ խորհրդային պատմագրության մեջ 1930-40 ական թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ի նկատմամբ գործածության մեջ դրված «Հյուսիսային Ադրբեջան», իսկ պարսկական շրջանների նկատմամբ գործածվող «Հարավային Ադրբեջան» տերմինների ի հայտ գալը:

1918թ. ամռանը Անդրկովկաս արշաված թուրքական «Կովկասյան Իսլամական Բանակի» հրամատար Նուրի փաշան սեպտեմբերին Բաքուն գրավելուց հետո հանդես եկավ մերձկասպյան շրջանները «Ադրբեջան» անվանելու առաջարկով՝ բացատրելով, որ տեղի թյուրքական ժողովուրդները խոսում են նույն դիալեկտով, ինչ պարսկական Ադրբեջանի թյուրքական տարրերը: Ուստի նորաստեղծ պետության առաջնահերթությունն ապագայում պետք է դառնա այդ երկու հատվածների միավորումը:

Նույն թվականի մայիսին՝ անկախության հռչակումից հետո, Թուրքիան չէր շտապում ճանաչել Ադրբեջանի անկախությունը՝ դա համարելով ձևական թղթաբանություն և ակնկալիքներ ունենալով ապագայում այդ շրջանները միացնել Թուրքիային:

Lեհ պրոֆեսոր Պախամովը իր «Краткий курс истории Азербайджана» գրքում գրում է. «Այս պետությունն աղմկոտ անուն ստացավ՝ «Ադրբեջան», բայց այն կյանքի կոչել չստացվեց, քանի որ իր կազմում ներառեց միայն Կասպյան շրջանները, բայց անունը ստիպված պահպանվեց՝ լավ ժամանակների գալիքի հույսով»:

Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի օրերին Հարավի զորքերի հրամանատար Անտոն Դենիկինը իր «Օчерки русской смуты» գրքում գրում է. «Ադրբեջանի Հանրապետությունում ամեն ինչ արհեստական ​​էր, «կեղծ»՝ սկսած անունից՝ նույնությամբ վերցված Պարսկաստանի գավառներից մեկից։ Արհեստական ​​տարածք, որն ընդգրկում էր լեզգիական Զագաթալան, հայ-թաթարական Բաքվի և Ելիսավետպոլի (Գյանջա) նահանգներն ու ռուսական Մուղանը և միավորված էր թուրքական քաղաքականության ձեռքով ՝ որպես պանթուրքիզմի հենակետ Կովկասում»։

15 հոկ, 2022 թ.
Genesis Armenia →

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )