ՑԱՎՈՏ Է ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ՆԱՅԵԼԸ
Լինելով անկեղծ`ասեմ,որ դեռեւս մանկությունից սկսած,իմ մեջ սխալ վերաբերմունք է եղել, ես ամբողջ էությամբ ու հպարտությամբ չեմ ընկալել День победы օրվա խորհուրդը։
Դա մի բան էր ,որ կարծես ինձնից հեռու, ոչ իմ հայրենիքում կատարված հաղթանակ էր։Այդ օրն ինձ համար ասոցացվում էր ժպտերես ու բարի պապիկների ու տատիկների հետ,որոնք մեդալներով զարդարված կրծքերով վայելում էին իրենց համար բաղձալի ու կարևոր օրը, որովհետև նրանք ՏԱՐԵԼ էին հաղթանակ։
Այսօր հասկանում եմ այդ հաղթանակի արժեքը, որովհետև պարտության ֆոնին է այն ընդգծվում,կորուստից հետո ես հասկանում ձեռքբերումը։
Ի դեպ նկատել եք ինչ խորիմաստ են բառերը։
Հաղթանակը ՏԱՆՈՒՄ ԵՆ։
Պարտությունը `ԿՐՈՒՄ։
Որովհետև պարտությունը ծանր է,եթե ամուր չեղար ,դու կարող ես կքել այդ բեռան տակ և այն կճզմի քեզ,հոգիդ քարուքանդ կլինի ու սրտիդ թաքնված խորքերից դուրս կգան քո այն վատ հատկանիշները,որոնց գոյության մասին նույնիսկ չէիր էլ կասկածում, չարություն,նախանձ, հուսահատություն, անտարբերություն, մեղադրանք բոլորին,ագրեսիա(այն ինչ կատարվում է այսօր):
Պարտությունը թույլին ոչնչացնում է վերջնականապես,ուժեղին դարձնում ավելի նպատակասլաց ու պայքարող։Իսկ ուժեղները հատուկ մարդիկ չեն ,նրանք հենց նույն թույլերն են ,որոնք որոշում են չհանձնվել։
Ամեն մարդ ինքն է ընտրում իր ընթացքը ու այդ ճանապարհին երբեմն հենց ցավոտ բաներն են, որ դառնում են մոտիվացնող ու օգտակար։
Դեղն էլ է հիմնականում դառը…
Իմ դառը դեղը Շուշին է….ես այն խմում եմ ամեն օր….որ հիշեմ ,այն ինչ հիմա ունեմ ու չեմ գնահատում, կորցնելու եմ,ինչպես Շուշին։
Այն մարդիկ ,որոնց ապահովության մասին չեմ հոգալու, կորցնելու եմ…
Այն հարաբերությունները,որոնց գլխին վտանգ է կախված ,բայց ես կռվելու փոխարեն անտարբեր եմ , ոչնչանալու են…
Ինչո՞ւ Շուշին…
Որովհետև Շուշիի հետ են կապված իմ կյանքի կարևոր ու շրջադարձային իրադարձությունները։
Որովհետև Շուշին ինձ համար հայի ոգու վեհության խորհրդանիշ է։
Երբ 15 տարի առաջին անգամ ոտք դրեց Շուշիի հողին,արյանս մեջ հայի գենը սկսեց մաքրագործվել: Բարձունքի վրա բազմած այդ քաղաքը վայրի էր ու ազնվական միաժամանակ։
Դարերի ընթացքում մշտառկա մշակութային հետքն այնքան զորեղ էր,մի կողմում թատրոնի հնամյա շենքն էր , մյուս կողմում պատերազմի հետքերը բազմահարկ շենքերի պատերին,դարից ավելի պատմություն ունեցող կրթական ու մշակութային օջախներ ու այդ ամենի թագը սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։
Մշակույթ, կրթություն,զենք,հավատք և դու ունես հզոր պետություն։
Շուշին մեր ազգային արժանապատվությունն էր,մեր հզորությունն ու հոգու վեհությունը։Շուշիի ամպերի մեջ մենք ավելի մոտ էինք Աստծուն։
Կորցրեցինք , որովհետև վաղուց արդեն կորցրել էինք մեր արժեհամակարգը,մեր պատիվը ,տեսակը։Մենք կորցրել էինք մեր հնագույն ազգին բնորոշ դեմքը ու տարալուծվել աշխարհի մեջ։
Առերես գեղեցիկ ու բարձրագոչ ճառերը խաբուսիկ են,խորքում ենք ոչնչացել։ Հպարտության որդը կերել է մեզ,որ կարողանանք խոստովանել դա։Ուր է տղամարդկային պարկեշտությունն ու աշխատասիրությունը,կանացի համեստությունն ու պատիվը։ Կրթության մեջ կիսատ ,անկիրթ,սիրո մեջ ժամանակավոր, ընտանեկան արժեհամակարգի կորուստ, երեխաները բացիթողի ժամանակակից մարտահրավերների առաջ, մշակույթում էժանագինի պրոպագանդում…
Կարելի է թվարկել երկար։
Բայց ցավալին այն է ,որ մենք չենք տեսնում մեր ցավերը ,որ փորձենք բժշկվել….
Ամեն մեկս մերը…
Բայց ես հավատում եմ գալու է այն օրը ,երբ մենք շատ բան հետ ենք բերելու,եթե իհարկե սկսենք վերականգնել մեզ ներսից, մեր արժեհամակարգը ու վերագտնենք մեր դեմքը նորից։
Ես հավատում եմ , հայի ազնվագույն գենին,որը ոչ թե կարող է մի քանիսի մեջ զարթնել,այլ այն կա յուրաքանչյուրի մեջ։Միայն պետք մաքրել մեր հոգին ավելորդություններից,որ ճանաչենք հայի իսկական տեսակն ու զարգացնենք այն ,ամեն մեկս մեր ոլորտում ու ընտանիքում։Ինչպես բնության մեջ մարդու ներսում էլ մոլախոտը աճում է արագ ու ագրեսիվ,բայց օգտակար բույսերը խնամքի ու հոգատարության կարիք ունեն։
Հիմա այդ չարքաշ աշխատանքի ժամանակն է։
Վայ մեզ եթե հիմա էլ անփույթ եղանք….
