80 միլիոն դոլարի կրիպտոարժույթի կորուստը հանգեցրել է իրավական պատերազմի միլիարդատեր ժառանգորդուհու և նրա նախկին լավագույն ընկերուհու միջև

Thomson Reuters-ի ժառանգորդուհի Թեյլոր Թոմսոնը դատական ​​հայց է ներկայացրել իր նախկին լավագույն ընկերուհի Էշլի Ռիչարդսոնի դեմ՝ կրիպտոարժույթային ներդրումներից ավելի քան 80 միլիոն դոլար կորցնելուց հետո, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Հրապարակման համաձայն՝ Ռիչարդսոնը ակտիվորեն կառավարել է Թոմսոնի կրիպտո պորտֆելը 2021 թվականի կրիպտո-բումի ժամանակ՝ կառավարելով 140 միլիոն դոլարից ավելի գումարներ, որոնք բաշխված էին բազմաթիվ դրամապանակների միջև։ Սակայն, 2022 թվականի կեսերին շուկայի փլուզման հետ մեկտեղ, կորուստները սկսեցին աճել, և Guidepost Solutions խորհրդատվական ընկերության գնահատականը ցույց տվեց, որ կորուստները գերազանցել են 80 միլիոն դոլարը։

Հայցում պնդվում է, որ Ռիչարդսոնը կատարել է ավելի քան 450,000 կրիպտո գործարք՝ առանց համապատասխան լիազորության, օգտագործելով ագրեսիվ և ռիսկային ռազմավարություններ։

Էշլի Ռիչարդսոնը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ գործել է բացառապես Թոմսոնի հրահանգներով, և որ բազմաթիվ գործարքները անհրաժեշտ էին նոսր առևտրվող տոկենների իրացվելիությունը պահպանելու համար։ Նա ընդգծել է, որ նրանց միջև գրավոր պայմանագիր չի եղել, միայն բանավոր համաձայնություն։ Ավելին, նա վստահեցնում է, որ իր ընկերուհու կրիպտո ներդրումների կառավարմանը մասնակցելուց որևէ անձնական օգուտ չի ստացել։

«Ես ամեն ինչ արել եմ նրա խնդրանքով և վնասները կրճատելու նպատակով»,-WSJ-ին ասել է Ռիչարդսոնը։

Սկանդալը ազդել է նաև Persistence (XPRT) բլոկչեյն նախագծի վրա, որում Թեյլոր Թոմսոնը ներդրել է 40 միլիոն դոլար։ XPRT թոքենի գինը գագաթնակետին է հասել 2021 թվականի մայիսին՝ 16.59 դոլար, բայց այդ ժամանակվանից ի վեր այն նվազել է գրեթե 99%-ով և, ըստ CoinGecko-ի, այսօր վաճառվում է 0.037 դոլարով։

Մեղադրանքներին ի պատասխան՝ Ռիչարդսոնը ներկայացրել է 10 միլիոն դոլարի հակընդդեմ հայց՝ մեղադրելով Թոմսոնին զրպարտության մեջ, մասնավորապես՝ գործընկերների հետ զրույցներում իրեն խարդախ անվանելու համար։ Թոմսոնի և Ռիչարդսոնի միջև դատական ​​​​հայցը շարունակվում է։

Share This