<<Երևանում հայերն ավելի ժամանակակից են, քան ԱՄՆ-ում ու Ռուսաստանում>>․ Հայաստան ժամանած Շպռոտը՝ մարդկանց վերաբերմունքի, մայրանալու ցանկության ու վախի մասին
Երգչուհի Շպռոտն այս օրերին Երևանում է։ Միացյալ Նահանգներում կարգավիճակն օրինականացնելուց հետո Շպռոտը մի քանի ամիսը մեկ գալիս է Հայաստան՝ տեսնելու իր մայրիկին, քույրիկին ու մյուս հարազատներին։ Tert.am Life-ը երգչուհու հետ զրուցել է ինչպես Հայաստան այցի, այնպես էլ ամերիկյան կյանքի, միայնակությունից վախենալու ու մայրանալու ցանկության մասին։
Հայաստանը շատ եմ կարոտում
Շպռոտի խոսքով՝ Հայաստան ժամանելիս հիմա իր հուզական դաշտը շատ ավելի հանգիստ է։ «Երբ 2017-ին 7 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ եկա Հայաստան, ինքնաթիռի միջից տեսա Մասիս սարն ու սկսեցի լաց լինել։ Չէի պատկերացնում, որ արձագանքս այդպիսին կլինի։ 7 տարի չէի տեսել նաև հարազատներիս։ Իհարկե, հիմա էլ շատ եմ կարոտում, հատկապես, մայրիկիս, բայց էմոցիոնալ դաշտս ավելի հանգիստ է, քանի որ տարին 2 անգամ գալիս եմ»,- ասաց նա ու հավելեց, որ Հայաստան այցը միշտ անձնական է լինում, գործնական հրավերներ լինում են, երբ մարդիկ իմանում են, որ ինքը Հայաստանում է։

Երգչուհին ասաց, որ Հայաստանում առաջինը շտապում է տեսնել մայրիկին, քույրիկին ու ընտանիքի մյուս անդամներին։ Հաջորդ քայլը լինում է գեղեցկության սրահ այցելելը, որովհետև, ըստ նրա, Հայաստանում սպասարկման որակը շատ ավելի լավ է, քան ԱՄՆ-ում։ Հաջորդիվ հերթն ընկերներինն է։
Քաղաքի ամենասիրելի վայրերը Շպռոտի համար երևանյան փողոցներն են։ «Շատ եմ սիրում զբոսնել Երևանի փողոցներով։ Ինձ համար մեծագույն հաճույք է ուղղակի քայլել Կարապի լճի տարածքով, Աբովյանով, Խանջյանով։ Ավելի շատ սիրում եմ այն տեղերը, որոնք ինձ հիշեցնում են երիտասարդ տարիներս։ Ցավոք, չեմ հասցնում շատ գնալ քաղաքից դուրս։ Այս տարի շատ եմ ուզում գնալ Սևան։ Նախորդ այցիս ժամանակ գնացել էինք Դիլիջան, ես ուղղակի սիրահարվել էի։ Նախկինում այդքան գնում էի շրջաններ՝ համերգների, բայց չէի գնահատում մեր հայրենիքը, մեր հայրենիքի բնությունը։ Հեռվից ավելի շատ ես գնահատում ունեցածդ։ Հիմա եմ սկսել հասկանալ, թե ինչքան սիրուն է մեր երկիրը»,- ասաց երգչուհին։

Մայրիկս առ այսօր ասում է՝ կարող էիր, գոնե, այս շորը չհագնել, արդեն մեծ աղջիկ ես
Ժամանակին Շպռոտը խոսում էր Հայաստանից հիասթափված հեռանալու, մարդկանց բացասական արձագանքի մասին։ Ասում է՝ հիմա իր հանդեպ վերաբերմունքքը շատ է փոխվել․ «Հավատացեք, հիմա այդ խնդիրը չկա, միայն սեր եմ վայելում։ Առաջ ինձ համար շատ դժվար էր։ Նեգատիվ մեկնաբանություններ հիմա ավելի շատ գրում են Ռուսաստանի հայերը։ Հայաստանի մարդիկ շատ ավելի ժամանակակից են, քան իրենք։ Մարդիկ այստեղ ավելի ճաշակով են, ավելի շատ են ժպտում։ Երևանը շատ է զարգացել, կարծում եմ՝ Երևանում հայերն ավելի առաջադեմ են, ավելի են զարգանում, քան նույնիսկ Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ում մենք արտաքուստ թվում ենք զարգացած, բայց մեր ուղեղը մնում է այն թվականին, որին մեկնել ենք, իսկ այստեղ մարդիկ զարգանում են։ Ես զգում եմ, որ Երևանում մարդիկ, իրոք, եվրոպական մտածելակերպ ունեն»։
Շպռոտը խոստովանեց, որ կուզեր ապրել այսօրվա Հայաստանում։ Ասում է՝ ներկայիս Հայաստանից, երևի, չէր մեկնի։ «Ես այն ժամանակ իշխանությունից էի շատ նեղված։ Այլևս ի վիճակի չէի ապրել այս երկրում։ Միայն այն մտքից, որ իրենք չկան, ինձ համար շատ ավելի հաճելի է լինել Հայաստանում։ Ճիշտ է՝ երկրի վիճակը դանդաղ է լավանում, բայց շատ բան փոխվել է,- ասաց նա ու հավելեց, որ ժողովրդի արձագանքին ավելի ըմբռնումով էի մոտենում։ -Ես մեծացել եմ Երևանում՝ Մասիվում, ու հասկանում եմ, որ դա մեր մենթալիտետն է։ Իմ ծնողներ էլ էին այդպես ընկալում իրավիճակը։ Մարդկանց արձագանքն ինձ համար հասկանալի էր, բայց իշխանություններին այլևս չէի կարողանում տանել»։
Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե տարիների ընթացքում ինչպես է փոխվել իր մայրիկի արձագանքն իր սկանդալային կերպարներին։ Պարզվում է՝ առ այսօր այդ հարցով քննարկումներ լինում են․ «Մայրիկիս արձագանքը և՛ սկզբում էր կոնֆլիկտային, և՛ ընթացքում, և՛ հիմա։ Այնպես չէ, որ ես տեսահոլովակ եմ նկարահանում, մամաս լրիվ ընդունում է։ Ասում է՝ կարող էիր գոնե այս շորը չհագնել, արդեն մեծ աղջիկ ես, բայց քանի որ ինձ շատ լավ է ճանաչում, ընդունում է այնպիսին, ինչպիսին կամ»։

Հարսանիքներին փակ հագուստ եմ հագնում, բայց հայերն ուզում են իրենց առիթին տղամարդիկ երգեն
Շպռոտի կարծիքով՝ երգչուհիներն ԱՄՆ-ում ավելի քիչ գործ ունեն, քան երգիչները։ «Տղա երգիչները միշտ ունեն աշխատանք, շաբաթը 3-4 հարսանիքի հրավեր։ Նույնիսկ ինձանից ուշ եկած մարդիկ ունեն տներ, բիզնեսներ։ Ընդ որում՝ մենք հավասար ենք աշխատում, այնպես չէ, որ ես չեմ աշխատում։ Ես ունեմ հիթեր, որոնք վերջին 2 տարվա ամենալսված երգերից են։ Երեկոյի ընթացքում դիջեյը մի քանի անգամ միացնում է իմ երգերը, այսինքն՝ իմ երգերն ընդունում են, բայց ավելի շատ հրավիրում են տղա երգիչներին։ Մարդիկ սիրում են, որ իրենց խնջույքներին երգեն տղամարդիկ։ Մտածում եմ՝ միգուցե ինձ չեն ընդունում, չեն ուզում տեսնել բեմին, ես սկանդալային եմ, բայց բոլոր երգչուհիների դեպքում է այդպես։ Ինձ համար դա պարադոքս է, թեև հասկացել եմ, խնդիրը համատարած է,- ասաց նա ու հավելեց, որ ինքը հարսանիքների ժամանակ երբեք բաց հագուկապով չի ներկայանում։ -Ինքս ինձ համար սահման եմ դրել, որովհետև հասկանում եմ, որ գնում եմ ընտանեկան միջոցառման։ Նույնիսկ իմ մենահամերգին բեմում երգելիս ու տեսահոլովակում նկարահանվելիս նույն զգեստը չեմ ընտրի, որովհետև բեմում էլ չես կարող շատ ռիսկով լինել։ Բեմը շատ բան է ցույց տալիս, իսկ տեսահոլվակ նկարահանելիս միայն աշատանքային խումբն է ներկա, եթե ինչ-որ բան ավել երևա, կարող եք մոնտաժել»։

Մայրանալու ցանկություն միշտ ունեմ
2018-ին՝ ամանորյա հարցազրույցի ժամանակ Շպռոտը Tert.am Life-ին ասել էր, որ ուզում է մայրանալ։ Վերջերս երգչուհին Ինստագրամում գրառում էր արել, որ ազատ է մայր չլինելու ամոթից։ Երգչուհին մեկնաբանեց, որ չնայած իր խոսքի շուրջ ծավալված քննարկումներին՝ իր միտքն այն չէր, թե այլևս չի ուզում մայրանալ։ Այդ ցանկությունն իր մեջ միշտ կա։
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր աղջկա մոտ այդ ցանկությունը մեռնում է այն ժամանակ, երբ ինքն է մեռնում։ Իմ միտքն այլ էր․ երբ դու ուզում ես մայրանալ, բայց երեխա չունես, քեզ մոտ ցավ է լինում։ Շատ կարևոր է, որ այդ ցավը չիշխի քեզ։ Հարցն այն չէ, որ ես այլևս չեմ ուզում մայրանալ ու ազատվել եմ այդ ցանկությունից, ուղղակի ես ազատ եմ դա ինձ համար խնդիր դարձնելուց։ Պետք չէ տանջվել։ Առհասարակ, բոլոր խնդիրերի դեպքում եմ այդպես անում։ Չպետք է կառչես ցանկությունից, թե չէ կդժբախտանաս, կվնասես ինքդ քեզ,- ասաց երգչուհին, ով այժմ կողակից չունի։ -Փաստորեն, ես շատ «քթի մազ» եմ դարձել։ Որքան մեծանում ես, այնքան ավելի բծախնդիր ես դառնում ընտրության մեջ, հատկապես, երբ Երևանում ես դաստիարակվում ու մեծանում, շատ դժվար է այլ երկրում քո խելքի ու մենթալիտետի մարդ գտնել»։

Մեծանալուց չեմ վախենում, միայնակությունից եմ վախենում
Երգչուհին սեպտեմբերին կդառնա 40 տարեկան։ Ասում է՝ մեծանալուց չի վախենում, ամբողջ աշխարհն է մեծանում։
«Ես չեմ էլ զգում, որ մեծանում եմ, հոգով միշտ 25 տարեկան եմ,- ասաց նա ու հավելեց, որ միայնակությունից է վախենում,- Միանակությունն աշխարհի ամենավատ բան է։ Իմ կյանքի ամենամեծ փորձությունը միայնակ լինելն է։ Փորձում եմ միայնակության մեջ գտնել խաղաղություն, բայց դա շատ դժվար է։ Ինձ թվում է՝ ինձ մոտ այդպես է, որ ես հոգեպես աճեմ, ավելի ուժեղ դառնամ ու որևէ մեկից կախվածություն չունենամ։ Մենք բոլորս այս աշխարհ գալիս ենք մենակ, մենակ էլ գնում ենք աշխարհից․․․ Անկախ ամեն ինչից ես իր մեջ միշտ զարգացնում եմ պոզիտիվը, քանի որ կյանքում պետք է կենտրոնանալ դրականի վրա»։
