Ֆրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ

Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշմամբ՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։ Ֆրանսիայում Հհ դեսպանության հաղորդմամբ, սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կրում է «Դիմադրության» շարժման հայազգի հերոսի անունը:

Անվանակոչման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է դպրոցի սաների կողմից Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ընթերցմամբ: Ողջույնի խոսքերով հանդես են եկել դպրոցի տնօրենը, ինչպես նաև պատմության և փիլիսոփայության ուսուցիչները՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակները, Ֆրանսիայի նախագահի որոշմամբ ֆրանսիացի մեծագույն գործիչների Պանթեոնում հանգրվանած  Մանուշյանի և նրա զինակիցների հերոսական կերպարների հավերժացման անհրաժշտությունն ու կարևորությունը երիտասարդ սերնդի համար:

Դպրոցի բացման արարողությանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ազգային ժողովի և Սենատի անդամներ, ռեգիոնալ, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր ելույթում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտության խոսք է ուղղել քաղաքապետ Կարլ Սեգոյին՝ Մանուշյանի անունով դպրոցն անվանակոչելու նախաձեռնության համար:
Դեսպանն ընդգծել է, որ հանուն Ֆրանսիայի ազատագրության մղած իր բացառիկ պայքարի ու անմոռանալի սխրանքի, ինչպես նաև համամարդկային արժեքներին իր անսահման նվիրվածության շնորհիվ՝ Միսաք Մանուշյանը դարձել է հայ-ֆրանսիական բարեկամության կարևորագույն խորհրդանիշ, ով իր հերոսական և անձուրաց պայքարով շարունակում է ոգեշնչել ֆրանսիացի երիտասարդ սերնդին։

Հանդիսավոր արարողության ավարտին դպրոցի սաները հանդես են եկել նաև Շառլ Ազնավուրի երգերի կատարումներով։

Միսաք Մանուշյանը 1931-1933 թվականներին ապրել է Շատնե-Մալաբրիում, Ժան Ժորեսի պողոտա, 44 հասցեում:

Share This