Օդի մեջ խոսելը որեւէ վարչապետի երբեւէ պատիվ չի բերել․ Մարգարիտ Եսայան

Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին լայվերից մեկում անդրադարձել էր այսպես կոչված մի գաղտնի զեկույցի եւ հիմնվելով դրա պարունակած տեղեկությունների վրա, Հայաստանը որակել որպես ձախողված պետություն։ Այս առնչությամբ «Ամբիոնը» զրուցել է ԱԺ հանրապետական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ։

-Տիկին Եսայան, նչպես կմեկնաբանեք վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությունը կապված գաղտնի զեկույցի հետ։

-Շատ՝ վատ, Փաշինյանի այդ հայտարարությունը, եթե դպրոցական հինգ բալանոց սանդղակով գնահատեմ, ապա, նա «երկու» է ստանում, որովհետեւ, այդ կարգի մանիպուլյացիաներ երկրի վարչապետը պարզապես իրավունք չունի անել, երկրորդ, ինքն էլ հստակ չի ասում, դա զեկույց է, թե գաղտնի ինչ-որ փաստաթուղթ, երրորդը, անգամ վերնագիրը չի հրապարակում, չորրորդ, ո՞վ կամ ովքե՞ր են դրա հեղինակները եւ, վերջապես, դա ասում է, որ ի՞նչ անի, ինչ նպատակով։ Ինքը իր իսկ ղեկավարած երկրի դե՞մ, ես այդպես եմ մեկնաբանում։ Եթե կա նման փաստաթուղթ եւ եթե ինքը բաց ու թափանցիկ է,ինչպես խոստանում էր մեկ տարի առաջ, ուրեմն, թող հրապարակի եւ վերջ։

– Որքանով եք կոռեկտ համարում վարչապետի կողմից նման հայտարարությունների հնչեցումը՝ կապված ձախողված ինստիտուցիոնալիզմի ու այլնի հետ։

-Դրանում չկա կոռեկտություն, առհասարակ, այդ կարգի բաներ կարող է անել միայն մարդ, ով պետական կառավարման նրբություններին, պետության խնդիրներին, պետականության կարեւորությունը կամ չի հասկանում, կամ, միտումնավոր փորձում է ամեն ինչ սեւացնել, իսկ սա վտանգավոր նախադեպ է։

-Արդյոք իրավականորեն ճիշտ էր գաղտնի զեկույցից մեջբերումներ անելը այն էլ հանրային խոսքում։

– Ոչ իրավական, ոչ պետական, ոչ էթիկայի եւ ոչ էլ բարոյական տեսանկյուններից այդ բանն անել չէր կարելի, հատկապես, դեռ մեծ, շատ մեծ հարցական է, կա՞ այն ինչից ինքը մեջբերումներ է անում, թե դա իր վառ երեւակայության արդյունքն է, կամ էլ իր պահանջով ինչ-որ մեկի կողմից սեւագրված մի բան։ Այստեղ շատ լուրջ խնդիր ունենք եւ Փաշինյանից պարզապես պետք է պահանջենք , որ նա հրապարակի այդ «փաստաթուղթը»։ Օդի մեջ խոսելը որեւէ վարչապետի երբեք պատիվ չի բերել, եւ այս կարգի դրսեւորումները խոսում են մեկ բանի մասին՝ պետական մտածողությունը զրոյական նիշի վրա, կամ՝ միտումնավոր, կամ՝ ի ծնե։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )