Օգոստոսին Բանգլադեշում դենգե տենդով վարակվածների թիվը գերազանցել է 50 հազարը

Բանգլադեշում դենգե տենդի դեպքերը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել են 2,197-ով, օգոստոսի ընթացիկ ցուցանիշը կազմել է 50,359։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Բանգլադեշի առողջապահական ծառայությունների գլխավոր վարչությանը հղումով, անցած մեկ օրվա ընթացքում տենդից մահացել է ինը մարդ։

Նշվում է, որ տարեսկզբից վարակվածների թիվը հասել է 102,191-ի, մահացածներինը՝ 485-ի: 94 հազար մարդ ապաքինվել է։

Բանգլադեշում դենգե տենդն ամեն տարի տարածվում է հունիս-սեպտեմբեր ամիսներին: Հիվանդությունը տարածվում է էգ մոծակների միջոցով։ Այժմ տենդով հիվանդների աճն ավելանում է՝ չնայած մոծակների բազմացման նկատմամբ վերահսկողության և դրանց թրթուրների դեմ պայքարի ուժեղացված միջոցառումներին, որոնք ձեռնարկում են  հանրապետության իշխանությունները։

2022 թվականին Բանգլադեշում դենգեի պատճառով մահացել է 281 մարդ։

Share This