ՔՊ-ի և «Բալասանյան դաշինքի» ջրերը մի առվով չեն գնում․ ի՞նչ է կատարվում Գյումրիի քաղաքապետարանում
Վերջին շրջանում խոսակցությունների մակարդակում շրջանառվում է, որ Գյումրիի քաղաքապետարանում ՔՊ-ի և իշխող «Բալասանյան դաշինքի» ջրերը մի առվով չեն գնում, իշխող և ընդդիմադիր ուժի մեջ ներքին կոնֆլիկտ կա, որի մասին ո՛չ հերքվում է, ո՛չ էլ հաստատվում։ Երկու քաղաքական ուժերը, 2021թ․-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած հուշագրով, կարծես թե կարգավորել էին իրենց հարցերն ու պարտավորությունների շրջանակը, բայց հասկանալի է, որ Գյումրիի քաղաքապետը դրածո է, իսկ իրականում ՔՊ-ն է կանգնած քաղաքի համար կարևոր որոշումների առանցքում։
Արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրիի քաղաքապետի օգնական Արման Շաբոյանի հրաժարականին։ Չնայած Շաբոյանը ի պատասխան շրջանառվող լուրերին, թե կոնֆլիկտ է եղել Շաբոյանի և ՔՊ-ական փոխքաղաքապետերից մեկի հետ, հայտարարել է, որ կոնֆլիկտ չի եղել, ինքը ինքնակամ է հրաժարվել։
Չնայած Շաբոյանի հավաստացիումներին Գյումրիում շարունակվում են քննարկվել, որ Արման Շաբոյանն ինքնակամ չի հրաժարականի դիմում ներկայացրել, դա եղել է ՔՊ-ի ճնշման ներքո։ Թերևս այս թեման քաղաքային իշխանության համար փակ է, նրանք մեկնաբանելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Հիմա պարզ է, որ լարվածությունը կրկնապատկվել է, որովհետև երկու փոխքաղաքապետերը ՔՊ-ական են և բացի այդ՝ ՔՊ-ն կարևոր պորտֆելները բաժանել է իրենցականներին։ Փաստացի ՔՊ-ն քաղաքային իշխանությունը խլում է հաղթած ուժից, իսկ Վարդգես Սամսոնյանը դե ֆակտո շարունակում է մնալ Գյումրիի քաղաքապետ, բայց կարևոր որոշումները թողնելով «Քաղաքացիական պայմանագրի» ողորմածությանը։
