Քոչարյանի վերջին երգը

Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում հրապարակվելու է Մարտի 1-ի գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, եւ Սահմանադրական դատարան դիմելու ու գործի վարույթը կասեցնելու՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ Գլխավոր դատախազության եւ մարտի 1-ի տուժողների պաշտպանների ներկայացրած բողոքների վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:
Այս առիթով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն հանդես է եկել հայտրարությամբ, ըստ որի՝ Քոչարյանը, նրա պաշտպանական խմբի անդամները եւ ընտանիքին անդամները չեն մասնակցելու Վերաքննիչ դատարանի որոշման հրապարկմանը: Կոչ է արվում նաեւ կողմնակիցներին Վերաքննիչ դատարանի մոտ որեւէ ակցիա չկազմակերպել։
Քոչարյանական թիմը նման որոշում կայացրել է ի նշան դատավոր Արմեն Դանիելյանի դեմ բողոքի, որը, ըստ հայտարարության, թույլ չի տվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները եւ, «կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»։
Ինչպես հայտնի է, նախորդ դատական նիստում դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելորեն դադարեցրեց նիստը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ։ Փորձագետներից շատերի կարծիքով, դատավորն այդ քայլին դիմեց Քոչարյանի պաշտպանների՝ անդադար ու երկարատեւ ելույթներ ունենալու, դատական նիստերը ակնհայտորեն ձգձգելու փորձերի պատճառով։ Ի դեպ, այս հանգամանքի, այսինքն՝ նիստերը ձգձգելու մասին, հայտարարել էր նաեւ գլխավոր դատախազը։
Նախորդ դատական նիստում որոշակի սրացումներ նկատվեցին նաեւ դատավորի ու Քոչարյանի պաշտպանների միջեւ, հիմնականում վերջիններիս վարքի ու պահվածքի պատճաով։ Քոչարյանական թիմը անվստահություն ու բացասական վերաբերմունք ունի դատավորի նկատմամբ։ Ամեն դեպքում, փորձում է նման տպավորություն թողնել։ Դժվար է ասել՝ սա հերթական խաղն է, թե իրողություն։ Ինչ-որ չափով դա կերեւա այսօր, երբ դատավորը կհայտարարի իր որոշումը։
Հետաքրքիր է, որ դատարանի որոշման նախօրեին Ռոբերտ Քոչարյանն իր անձնական հեռուսատեսության եթերով հանդես է գալիս հարցազրույցով, անդրադառնում նախկին ու ներկա մի շարք իրողությունների՝ մնալով հանրությանը բացասական իմաստով լավ հայտնի «վոինի» ու «միակ տղամարդու» կերպարի մեջ, գլուխ գովում ու կրկնում արտահայտություններ, որոնց արժեքն ու հետեւանքները հասարակությունը շատ լավ տեսել է։
Ֆեսբուքյան օգտատերերից մեկի դիպուկ ձեւակերպմամբ, այդ հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի կարապի երգն էր։
Հ. Կիրակոսյան
Դիտումներ՝ 8
