Քաղցր սնունդը կարող է սրել միզուղիների վարակը
Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ոլորտի մասնագետ Ռաջվինդեր Հասրիան Daily Mail պարբերականին պատմել է, որ այն մարդիկ, ովքեր միզուղիների կրկնվող բակտերիալ վարակների՝ ցիստիտի եւ պիելոնեֆրիտի հակում ունեն, չպետք է չարաշահեն քաղցր սնունդն ու ըմպելիքները։
Նշվել է, որ միզուղիների վարակները ներառում են վերին եւ ստորին միզուղիների կլինիկական ախտանշանները (պիելոնեֆրիտ, ցիստիտ), տղամարդկանց սեռական օրգանները եւ անախտանիշ բակտերիուրիան։ Այս վիճակները հաճախ հանդիպում են ամենօրյա ուրոլոգիական պրակտիկայում։ Բժիշկը նշել է, որ նման վարակների հանդեպ զգայունակությունը կախված է պաթոգենի տեսակից եւ օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։
Մասնագետի խոսքով՝ միզուղիների կրկնվող վարակների պատճառներից մեկը կարող է լինել քաղցր սննդի (շոկոլադ, թխվածք եւ շաքարի մեծ պարունակությամբ ըմպելիքներ) հանդեպ մեծ հակումը։ Բանն այն է, որ օրգանիզմը սննդի մեջ պարունակվող շաքարը վերածում է գլյուկոզայի՝ էներգիայի տեսակի, որը մկանային բջիջներն օգտագործում են գործունեությունն ակտիվացնելու համար։ «Քաղցր» միջավայրում արագ բազմանում են միզուղիների վարակների հարուցիչները, ինչպիսին են աղիքային ցուպիկը եւ էպիդերմալ ստաֆիլոկոկը։
