Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ինքն է ազատման դիմում ներկայացրել, պատճառների մասին նրա հետ խոսակցություն չի եղել. Վլ. Կարապետյան
Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ինքն է աշխատանքից ազատման դիմում գրել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
«Ես չեմ ճշտել որն է պատճառը: Պարզապես ինքը գրել է դիմում և դրա հիման վրա արդեն որոշում է կայացվել, ներկայացվել նախագահին: Իրեն կարող եք դիմել այդ հարցով: Շատ նորմալ է, որ թարմացում է գնում: Եթե մարդ որոշում է կայացրել հեռանալ, ինձ թվում է՝ ոչ միշտ է, որ պետք է հետ կանգնեցնել: Տրամաբանական է, եթե մարդու որոշումն արդեն կայացված է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ազատվելու է պաշտոնից, գործընթացն ընթացքի մեջ է: Ազատման մասին տեղեկության հրապարակայնացումից մեկ օր առաջ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ Ոստիկանությունն իր կարծիքն ունի Ոստիկանության գործունեության կարգի վերաբերյալ և այդ կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ։
«Այդ հայտարարությանը հաջորդել է իր դիմումը, նրա հետ խոսակցություն չի եղել»,- հայտնեց Վլադիմիր Կարապետյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Հոկտեմբերի 22-ին նախագծում կառավարության առաջարկով արվել են ավելացումներ, մասնավորապես առաջարկվել է ոստիկանության պետի տեղակալի նշանակման գործընթացը ևս ազատականացնել:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե վարչապետի խոսնակն ինչպես կմեկնաբանի ՀՔԾ–ում հարուցված քրգործի շրջանակներում որպես կասկածյալ ներգրավված ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը։ Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, որ ինքը չի խախտել Սահմանադրություն, օրենք, չի կարող պատասխան տալ, թե ինչու է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել։ «Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում»:
Մեկնաբանելով ԱԺ նախագահի հայտարարությունը, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ինքը համարում է, որ խախտում է թույլ տվել, եթե ինքն ընդունել է, որ որևէ հարցում խախտում է թույլ տվել, լավ կլինի, որ համապատասխան պատասխանատվություն՝ քաղաքական կամ իրավական կրի: Եթե ինքն այդպես է համարում»:
Լրագրողների խնդրանքով Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց նաև հարցին, ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում ով է փոխարինելու Գրիգորի Հայրապետովին, ով այդ պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 15-ին: Վարչապետի մամուլի խոսնակը հայտնեց, որ ծառայության նոր պետի նշանակման վերաբերյալ քննարկումներ ընթանում են. «Ժամանակին, օրենքով սահմանված ժամկետներում կներկայացվի»:
Լրագրողների հարցին, թե Գրիգորի Հայրապետովի ազատումը առնչություն ուներ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի վերելակային հանդիպման հետ, Վլադիմիր Կարապետյանը նշեց. «Անհեթեթ հարցերին չեմ ուզում պատասխանել»:
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանն ասել էր, որ իրեն մանրամասներ են հայտնի Դուշանբեում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ, և որ ըստ տեղեկությունների՝ նրանց միջև ինչ-որ պայմանավորվածություն կա: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն էլ նկատել էր, որ Բալասանյանի ասուլիսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահն աշխատանքից ազատել էր Գրիգորի Հայրապետովին. «Գուցե կապ կա, գուցե ոչ, բայց Բալասանյանն առաջին անգամ հնչեցրեց «Դուշանբեի վերելակի» պատմությունը՝ տպավորություն ստեղծելով, թե իրեն հայտնի է, թե ինչ է կատարվել: Փաշինյանի մոտ վերջերս կասկածամտություն է զարգանում իր շրջապատի, հատկապես՝ իր հետ չքայլած մարդկանց հանդեպ»,- ասել էր Տիգրան Քոչարյանը:
