Փաշինյանի՝ մեծահարուստների ունեցվածքը մինչև <<քոք>>փորելու գայթակղությունը բումերանգի էֆեկտ կարող է ունենալ

Ջոն Ռոքֆելլեր․ «Ես կարող եմ հաշվետու լինել աշխատածս ամեն միլիոնի համար, բացի առաջինից»։

Ի՞նչ է․ աշխարհի բոլոր ժամանակների ամենահարուստ մարդկանցից մեկը, ու թերևս ամենահարուստ բիզնեսմենը չէր կարո՞ղ իր բարձր վարձատրվող մասնագետներին հանձնարարել մի այնպիսի «խուճուճ» հաշվետվություն պատրաստել, որ դա լիներ անխոցելի, մանավանդ, որ հաշվապահական փաստաթղթերը մի քանի տարի հետո ախիվացվում, այնուհետև ոչնչացվում են։ Ռոքֆելլերը դրանով հուշում էր պատկան մարմիններին, հասարակությանը ու գալիք սերունդներին, որ չի կարելի խորանալ մինչև «քոք», պետք է հաշվի առնել, որ վերևներում է կարելի խախտել կանոնները, ներքում՝ ոչ, բայց դու երբեք վերև չես բարձրանա՝ չխախտելով կանոնները։ Փաշինյանն ի՞նչ է․ խաղի կանոնների ներքևի խախտողներից չէ՞, այդ դեպքում ինչպե՞ս հայտնվեց ամենավերևում։ Ի՞նչ է․ 2017թ․ խորհրդարանական ընտրությունների արդյունքերը բողոքարկեց ՍԴ-ում ու համապատասխան վճիռը ձեռքին հորդորեց ԱԺ-ին իրեն վարչապետ կարգել ու օրենքի ուժով արձակվե՞լ, կամ էլ արձակվել հենց սկզբում, քանի որ ընտրվել են ապօրինի։ Փաշինյանն ուղղակի օգտագործեց հարմար պահն ու վերելակի սկզբունքով վերև բարձրացավ, ու հիմա չի ներում անգամ աստիճան-աստիճան բարձրացածներին։ Բայց վերելակի շարժը միակողմանի չէ՝ ինչ արագությամբ բարձրացնում ես, նույն արագությամբ էլ՝ սրընթաց իջնում։

Կապիտալի նախասկզբնական կուտակման փուլը արևմտյան տարբեր երկրներում տեղի է ունեցել մի քանի հարյուր տարի առաջ, և ոչ ոք չի հիշում, թե ովքեր հաջողության հասան և ինչի շնորհիվ՝ ճարպիկները, հաջողակները, բախտախնդիրները, թե շնորհալիները։ Դա շատ վաղուց էր, մենք դա չգիտենք, մենք հաշվի ենք նստում այսօրվա իրողության հետ, երբ նրանից շատերի ժառանգներն այսօր էլ են մեծահարուստ ու հաջողակ գուցե ապուպապի թալանածի հաշվին։ Իսկ մեր երկրում կապիտալի նախասկզբնական կուտակման փուլը եղել է մի քանի տարի առաջ՝ անկախացումից անմիջապես հետո, ու մեր շատ քաղաքացիներ հիշում են դա, հիշում են բազում անարդարություները, պետական լծակների չարաշահումը, թույլերի ունեցվածքը խլելը և այլն։ Այո՛, հիշում են, բայց դրա դեմն առնելու համար պետք է ուղղակի գիծը քաշել ու առաջ անցնել, որ նման արատավոր երևույթներ չլինեն այլևս, հաստատել նոր խաղի կանոններ, ինչին ամենից առաջ դրականորեն արձագանքում են գործարարներն ու մեծահարուստները, քանի որ նրանց համար ավելի կարևոր է կայունությունը, քան անգամ այդ պահի իշխանավորի հետ լեզու գտնելն ու արտոնություն ունենալը։ Այդ օրվա իշխանավորներն են դրդում մեծահարուստին՝ խախտումներ անել, որպեսզի լինեն խոցելի, դրանով իսկ՝ կառավարելի։ Մեծահարուստ գործարարի հետ ոչ ոք չի կարող մրցակցել, եթե անգամ բարենպաստ բիզնես միջավայր է երկրում ու օրենքի առաջ բոլորը հավասար են, նա իր արտադրական, ներկրման ու արտահանման ծավալների բերումով, ֆինանսական հնարավորություններով մրցակցությունից դուրս է, եթե անգամ հազար հատ հակամրցակցային օրենք ընդունես կամ էլ մենաշնորհի դեմ պայքարի կառույց ստեղծես։ Սա է դաժան իրողությունը, ու եթե մարդիկ հիշում են, որ մի երեք տասնամյակ առաջ մեկի հետ հավասար էին, իսկ նա այսօր մեծահարուստ է, իսկ ինքը պարտքերի տակ ճկռած, ու չեն ներում այդ հաջողակ հարևանին կամ բարեկամին, գուցե մտածեն, թե քանի-քանիսն են այսօր ասում, թե այդ ինչպես միջին ունակություններով, անգամ բարձրագույն կրթություն չստացած, կյանքում մի քանի մարդուց ացվել չղեկավարած թերթի խմբագիրը դարձավ մեր երկրում առաջինը։ Եթե Փաշինյանն ամեն անգամ հանրության մոտ ախորժակ է բացում՝ պատժել վերջին երեսուն տարվա հարստացածներին, խլել նրանց ունեցվածքն ու բիզնեսը, պատկերացանո՞ւմ եք, թե բումերանգի էֆեկտով որքան մարդու ախորժակ է բացվում՝ տապալելու վարչապետին ու նրա տեղը նստել։

Փաշինյան այնքան է գայթակղվել մինչև «քոք» փորելու իր առաքելությամբ, որ․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանվում է, որ՝ իրավասու մարմինը որոշում է ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը կարող է ներառել բացառապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատված: Փաստորեն մի ամբողջ իրավական համակարգ, պրոֆեսիոնալ իրավաբանների մի ամբողջ համույթ դարձել է Փաշինյանի անգրագիտության գերին։ Ախր Հայաստանում անկախության հանրաքվեն է տեղի ունեցել 1991թ․ սեպտեմբերի 21-ին, փաստացի անկախացումը ընթացակարգ ունի՝ մեր պարագայում դա տեղի է ունեցել 1991 թ․ դեկտեմբերի 8-ից հետո, երբ Բելովեժսկայա պուշչայում ՌԴ, Ուկրաինայի ու Բելառուսի ղեկավարներն իրենց ստորագրությամբ լուծարեցին ԽՍՀՄ-ը, ու մենք, հանգամանքների բերումով, անկախություն ստացանք։ Այսինքն. 1991թ. սեպտեմբերի 21-ից մինչև 1991թ․ դեկտեմբերի 8-ը մենք ԽՍՀՄ իրավական ու տնտեսական տիրույթի միասնական օրգանիզմի մաս էինք։ Շատերն այնքան ճարպիկ են եղել, որ հենց այդ խառը պահն են վարպետորեն օգտագործել ու հարստացել, հիմա ի՞նչ․ մերժել ենք ԽՍՀՄ-ը, բայց ուզում ենք այդ երկիրը թալանածներին այսօր պատժե՞լ ու ունեցվածք խլե՞լ։ Ու պետք չէ ասել՝ դե լավ, մի քանի ամսվա խնդիր է, ինչ իմաստ ունի ծանրանալ դրա վրա։ Պետք է ծանրանալ, քանի որ օրենքի ուժով կատարվում է անօրեն մի բան, ու սա միայն այս դեպքին չի վերաբերում, սա սկզբունք է, որ ցանկացած իրավիճակ հարմարեցնել իշխանության շահերին՝ որը օրենքով, որը գավառական զոռբայությամբ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )