Ցեմենտի ներմուծման սահմանափակումները հանվել են․ լիցենզիա այլևս չի պահանջվի

Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի

 

ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

 

Արդյունքում՝ կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան կարգավորման ապահովումը։

 

Նախկինում ընդունած որոշմամբ՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում է 8000 դրամ պետական տուրք։

 

Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա են լոգիստիկ բարդություններ ցեմենտի ներկրման հետ, ինչը ավելացնում է բեռնափոխադրման արժեքները ու ժամկետները, և գործող կարգավորման կիրառման արդյունքում ևս ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը նպաստել է ցեմենտի իրացման մրցակցային անհավասար պայմանների ձևավորմանը։

 

Հաշվի առնելով ձևավորված իրավիճակը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակման պահպանման նպատակահարմարությունը և ապահովել ներքին շուկայում ցեմենտի բավարար առաջարկի և իրացման համար առավել հավասարակշռված մրցակցային պայմանների ձևավորման անհրաժեշտ նախադրյալներ։

Share This