Տնակներից դեպի բնակարան․ Գյումրիում նոր ծրագիր 60 ընտանիքի համար

Գյումրիում կկառուցվի երկու նոր բազմաբնակարան շենք. քաղաքապետարանում ստորագրվեց համագործակցության հուշագիր

 

Այսօր Գյումրու քաղաքապետարանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

Փաստաթղթի համաձայն՝ հիմնադրամը «Մեր Գյումրի» բարեգործական ծրագրի շրջանակներում սեփական միջոցներով քաղաքում կկառուցի երկու բազմաբնակարան շենք։

Ծրագրի արդյունքում կլուծվի տնակներում բնակվող և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 60 ընտանիքի կացարանի խնդիրը, ինչը հնարավորություն կտա նրանց նոր կյանք սկսել հարմարավետ բնակարաններում։

Շինարարությունն իրականացվելու է Գյումրու Մուշ-2 թաղամասում՝ Գործարանային փողոցի 32 և 32/1 հասցեներում։

Հուշագիրը ստորագրեցին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչը։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Գյումրիում տնակային ավանների վերջնական վերացման և անօթևանության խնդրի հաղթահարման ճանապարհին՝ հաշվի առնելով դեռևս ոչ բարվոք պայմաններում ապրող ընտանիքների զգալի թիվը։

 

Share This