-Shadow-Here--Shadow-Here- Տղամարդը զղջում է. «Մուրացանի» բժշկուհին, հավանաբար, ուղեղի ցնցում է ստացել – ԱՄԲԻՈՆ NEWS

Տղամարդը զղջում է. «Մուրացանի» բժշկուհին, հավանաբար, ուղեղի ցնցում է ստացել

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդունարանում  35-ամյա տղամարդու հարվածի հետևանքով բժշկուհին գլխացավեր, գլխապտտույտներ  ունի, դատաբժշկական փորձագետների մոտ է առավոտյան եղել, ուղարկել են նյարդաբանի մոտ, ենթադրում ենք, որ ուղեղի ցնցում է ստացել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժշկուհի Կարինե Թադևոսյանի լիազոր ներկայացուցիչ Վահագն Ջիվանյանը։ 

«Հարվածը բավականին ուժեղ է եղել։ Տղամարդը դժգոհ է եղել բուժօգնությունից, վիճաբանություն է եղել, իմ ներկայացուցիչը միջամտել է, փորձել է կարգի հրավիրել, տղամարդն իրեն է հարվածել»,-ասաց նա։

Տղամարդը ձերբակալված է, տուժող կողմի հետ առերեսում է եղել։

«Բժշկուհին ցուցմունք տվեց,  զննության մասնակցեցինք, տեսանյութն ուսումնասիրեցինք, նույն անձն էր, որը նաև մասնակցել է անվտանգության աշխատակցի հետ ծեծկռտուքին։ Հնարավոր է, որ նրան այսօր կալանքի ներկայացնեն»։

Ջիվանյանի փոխանցմամբ՝ առերես հարցաքննությունից առաջ տղամարդը ներողություն է խնդրել։ «Բժշկուհուն ասաց, որ զղջում է, երեխայի հետ կապված ծանր հոգեբանական վիճակում է եղել։ Սա կարևոր հանգամանք է, որ  անձը զղջում է իր արածի համար»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդունարանում  35-ամյա տղամարդը   2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում,  անհիմն վիճաբանել էր նույն հիվանդանոցի բժշկուհու հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել էր նրա դեմքին: Բացի այդ, հաջորդ օրը՝ ժամը 00:35-ի սահմաններում 35-ամյա տղամարդը, նշված հիվանդանոցի դիմաց իր ընկերների հետ վիճաբանել է նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցի հետ, որի ընթացքում մի քանի անգամ ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Երևանի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )