Վրաստանի իշխանությունները պատրաստ են Սաակաշվիլիին տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել է բուժումը շարունակել Գորիի զինվորական հոսպիտալում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ներկայում Սաակաշվիլին գտնվում է Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտի՝ Թբիլիսիում գտնվող թիվ 18 բանտարկյալների հիվանդանոցում: Նախօրյակին, հացադուլի 49-րդ օրը, նախկին նախագահը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:
Նրան մայրաքաղաքի բանտարկյալների հիվանդանոց էին տեղափոխել Ռուսթավի քաղաքից նոյեմբերի 8-ին, որտեղ նա պատիժ էր կրում թիվ 12 բանտում: Սաակաշվիլին ինքը, նրա փաստաբանը և անձնական բժիշկը արդեն մի քանի շաբաթ պնդում են, որպեսզի նրան քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա տեղափոխեն:
Նույն այդ կարծիքին են մի խումբ բժիշկներ, որոնք հրավիրվել էին Վրաստանի ժողովրդական պաշտպանի կողմից, և որոնք Սաակաշվիլիին հետազոտել են նոյեմբերի 16-ին:
«Մենք առաջարկում ենք նրան տեղափոխել պաշտպանության նախարարության Գեորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ: Դա այն վայրն է, որտեղ նրա առողջությունն ու կյանքը առավելագույնս պաշտպանված կլինեն պետության կողմից»,-ասել է Բրեգաձեն: Նա պարզաբանել է, որ ներկայում պահանջվում է հենց բանտարկյալի համաձայնությունը:
Դրա հետ մեկտեղ նախարարն ընդդիմությանը նախազգուշացրել է Սաակաշվիլիին տեղափոխմանը խոչընդոտելու հետևանքների մասին:
«Ընդդիմախոսների կողմից ցանկացած սադրանքի դեպքում, որը կարող է խանգարել Սաակաշվիլիին կլինիկա տեղափոխելուն կամ բուժանձնակազմի աշխատանքին, նրան կվերադարձնեն թիվ 18 հաստատություն»,-ասել է Բրեգաձեն: Նա նաև հավելել է, որ բուժումն ավարտելուց հետո Սաակաշվիլիին կվերադարձնեն Ռուսթավի բանտ:
Սաակաշվիլին սեպտեմբերի 29-ին գաղտնի հատել էր Վրաստանի սահմանը և ձերբակալվել հոկտեմբերի 1-ին: Հայրենիքում նա հեռակա կարգով վեց տարվա բանտարկության էր դատապարտվել երկուական քրեական գործերով: Նրա դեմ ևս երեք գործ գտնվում է հետաքննության փուլում: Նախկին նախագահն իր դեմ բոլոր մեղադրանքները համարում է կեղծ, իսկ իրեն՝ քաղբանտարկյալ:
