Վիետնամում «Բուալոյ» թայֆունի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ են տարհանվել
Վիետնամը կիրակի օրը հազարավոր մարդկանց է տարհանել երկրի կենտրոնական և հյուսիսային նահանգներից, քանի որ «Բուալոյ» թայֆունը մոտեցել է երկրին սպասվածից ավելի արագ և, ըստ կանխատեսումների, նույն օրն ավելի ուշ պետք է հասնի ցամաք, հաղորդում է Associated Press-ը։
Սպասվում է, որ փոթորիկը կառաջացնի մինչև 133 կմ/ժ արագությամբ քամիներ, ավելի քան մեկ մետր բարձրությամբ փոթորկային ալիքներ և հորդառատ անձրևներ, որոնք կարող են հանգեցնել ջրհեղեղների և սողանքների։
Կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 04:00-ին, Վիետնամի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ «Բուալոյ»-ը գտնվում է կենտրոնական Վիետնամից մոտ 200 կիլոմետր արևելք և շարժվում է հյուսիս-արևմուտք։
Սպասվում էր, որ այն ցամաք կհասնի ժամը 18:00-ի սահմաններում՝ Կուանգչի և Նգեան նահանգների միջև։ Իշխանությունները արգելել են ձկնորսական նավակների դուրս գալը ծով՝ հյուսիսային և կենտրոնական շրջաններում, և հրահանգել են կիրակի օրը մինչև ժամը 17:00-ը տարհանել խոցելի տարածքների բնակիչներին։
Պետական լրատվամիջոցների տվյալներով, Դանանգը նախատեսել է տարհանել ավելի քան 210 000 մարդ, իսկ Հյուեն պատրաստվում է տեղափոխել ավելի քան 32 000 բնակչի դեպի ավելի անվտանգ վայրեր։
Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ չվերթները դադարեցվել են չորս ափամերձ օդանավակայաններում, այդ թվում՝ Դանանգի միջազգային օդանավակայանում, իսկ մի քանի չվերթներ հետաձգվել են։ Շաբաթ երեկոյից կենտրոնական նահանգներում հորդառատ անձրևներ են տեղում։
