Վանաձորյան միջոցառման ամենածանր պահը այն էր, թե ինչպիսի ջանասիրաբար էին թևերը ոլորում Արցախի դրոշը ծածանողին. պատգամավոր
Երեկվա վանաձորյան միջոցառման ամենածանր պահը բեմից դրոշի հեռացումը չէր, այլ այն, թե ռեժիմի ստրուկներն ինչպիսի ջանասիրաբար էին թևերը ոլորում Արցախի դրոշը ծածանողին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Փաշինյանական ռեժիմի մոտեցումը, իսկ ավելի կոնկրետ` ատելությունը, Արցախի ու, առհասարակ, Հայրենիքի գաղափարի նկատմամբ վաղուց պարզ է:
Արցախում խորացող աղետի պայմաններում իշխանական արքունիքի զվարճանքներն ու անհոգ կյանքը, դրա հանրայնացումը նպատակ ունի ջնջել ու պղծել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ:
Երեկվա վանաձորյան միջոցառման ամենածանր պահը բեմից դրոշի հեռացումը չէր, այլ այն, թե ռեժիմի ստրուկներն ինչպիսի ջանասիրաբար էին թևերը ոլորում Արցախի դրոշը ծածանողին:
Շատերս հազար ու մի ակցիա-հանրահավաքների ենք մասնակցել, ոստիկանության հետ քաշքշուկի մեջ մտել, ոստիկանական բաժանմունքներում հայտնվել:
Կան ոստիկանները, ովքեր թեև հրաման են կատարում, բայց իրենց արարքից կարմրում են, գլուխները կախում, բերման ենթարկելիս բառիս բուն իմաստով խնդրում, որովհետև իջեցված հրամանը նաև իրենց ինքնասիրությունն է շոշափում. շատերը համակարգում երկար չեն էլ ձգում:
Այս իշխանությունը մի օր չի լինելու, սակայն մնալու է սրանց թողած դառը հետևանքներն ու այն սուբյեկտները, ովքեր մտածելով, թե իշխանությունը հավերժ է ոչ միայն օրենքներն ու սահմանադրությունն են տրորել, այլ իրենց պահվածքով ու անտարբերությամբ նիկոլական խմբակի հանցակիցն են դարձել»
