Ստեղծվել է արդյունավետ հակաբիոտիկ կայուն մանրէների դեմ
ԱՄՆ հետազոտողները ստեղծել են նոր հակաբիոտիկ, որը, նրանց խոսքով, արդյունավետ է հակամիկրոբային դեղերի հանդեպ կայուն մանրէների դեմ։
Սինթետիկ հակաբիոտիկը, որը կոչվում է կրեզոմիցին, արդյունավետ է մանրէների բազմաթիվ կայուն շտամների դեմ, ինչպիսին են Staphylococcus aureus-ը, Escherichia coli-ն եւ Pseudomonas aeruginosa-ն։
Ինչպես տեղեկացրել է Euronews-ը, այդ մանրէներից երկուսը ներառվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջնահերթ պաթոգենների ցուցակում, որոնց դեմ պայքարի համար «շտապ անհրաժեշտ են նոր հակաբիոտիկներ»։
Կայունությունը հակամիկրոբային դեղերի հանդեպ այն է, երբ մանրէները, վիրուսները կամ այլ միկրոօրգանիզմներ դադարում են արձագանքել դեղերին, սա առողջապահության գլխավոր սպառնալիքներից է, որը տարեկան հանգեցնում է ավելի քան 35 000 մահվան Եվրամիությունում։
«Չնայած մենք դեռ չգիտենք, թե արդյոք անվտանգ է կրեզոմիցինը մարդու համար, բայց մեր արդյունքները ցույց են տալիս ավելի բարձր ինհիբացնող ակտիվություն (քան հավանության արժանացած եւ կլինիկաներում օգտագործվող հակաբիոտիկները) մանրէների պաթոգենային շտամների դեմ, որոնք սպանում են ավելի քան միլիոն մարդու ամեն տարի»,- ասել է Հարվարդի համալսարանի քիմիայի պրոֆեսոր Էնդրյու Մայերսը, որը գլխավորել է հետազոտությունը։
Նոր մոլեկուլը լինկոզամիդներից մեկն է, հակաբիոտիկ, որն օգտագործվում է լուրջ բակտերիալ վարակները բուժելու համար։
«Հակաբիոտիկների մեծ մասը կամ բնական նյութեր են, կամ դրանց կիսասինթետիկ (քիմիական մոդիֆիկացված) տարբերակները։ Բայց դժվար է հասկանալ,- ասում է Լոնդոնի Կայսերական քոլեջի ավագ դասախոս Էնդրյու Էդվարդսը,- թե ինչպես կարելի է քիմիապես փոխել հակաբիոտիկները, որպեսզի դրանք ավելի լավ աշխատեն։ Այս աշխատանքը հետաքրքիր է նրանով, որ ուսումնասիրում է ատոմային մակարդակում, թե ինչպես են գոյություն ունեցող հակաբիոտիկները կանգնեցնում մանրէների աճը։ Հետազոտողներն այս տեղեկությունն օգտագործել են նոր հակաբիոտիկի ստեղծման համար, որը ոչ միայն շատ արդյունավետ է, այլեւ կարող է հաղթահարել կայունությունը»։
Նոր հակաբիոտիկը (կրեզոմիցին) ուղղված է բակտերիալ ռիբոսոմի դեմ եւ ավելի լավ է կապվում դրա հետ։
Չնայած որոշ դեպքերում մանրէները կարող են կայունություն դրսեւորել հակաբիոտիկների դեմ, այդ հակաբիոտիկը շատ նման է թիրախի, որն այն ավելի արդյունավետ է դարձնում։
Էդվարդսի խոսքով՝ հետազոտությունը կարեւորել է «այն ընկալումը, թե ինչպես են ազդում հակաբիոտիկները ամենահիմնային մակարդակում, որպեսզի կարելի լինի մշակել ավելի կատարյալ տարբերակներ, որոնք կհաղթահարեն ռեզիստենտությունը»։
Գիտնականներն օգտագործել են 2016թ. հետազոտությունում նկարագրված մեթոդը, որն իրականացվել է Մայերսի լաբորատորիայում։ Բայց Էդվարդսը նախազգուշացրել է, որ «հետաքրքիր արդյունքների տեղափոխումը լաբորատորիայից կլինիկա երկար ու բարդ գործընթաց է»։
Նոր հակաբիոտիկի ստեղծումից հետո լաբորատորիայում իրականացվում են հետազոտություններ, որպեսզի բացառեն նրա թունավոր լինելու հատկությունը. դրանք կարող են տարիներ տեւել։
Ներկա պահին հետազոտողները հաստատել են, որ միացությունը չի ինհիբացնում մարդկային բջիջների աճը կարեւոր ֆերմենտներից ոչ մեկում՝ բջիջների գործունեության համար։
«Նոր հակաբիոտիկների ստեղծումը չափազանց կարեւոր է, որպեսզի մեկ քայլ առաջ լինենք մանրէներից, քանի որ այդ պաթոգենները մշտապես կատարելագործում են «վերջին հույսի» հակաբիոտիկներին շրջանցելու միջոցները,- ասել է հետազոտության համահեղինակ Բեն Տրեսկոն Հարվարդից։- Հակաբիոտիկների լայն կիրառման ժամանակ հակամիկրոբային դեղերի հանդեպ կայունության մակարդակը շարունակում է ավելանալ։ Խոշոր դեղագործական ընկերությունները տնտեսական նկատառումներով անտեսում են հետազոտությունների այս մասը, ինչն ակադեմիական լաբորատորիաներին, ինչպիսին մերն է, հնարավորություն է տալիս իրապես ազդել իրավիճակի վրա»։
