Սեպտեմբերի վեցի հանրահավաքը հետաձգվում է․ քաղաքական կարեւոր քայլ՝ ցնցումներից խուսափելու համար

Ինչպես հայտնի է հասարակական-քաղաքական գործիչ, նախկին ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը, որոշել էր սեպտեմբերի վեցին սկսել հանրահավաք՝ սահմանադրական փոփոխությունների գնալու, այն է՝ նախկինում գործած կիսանախագահական կառավարման համակարգը վերականգնելու պահանջով։ Քաղաքական գործիչը կարծում է, որ այսօր պառլամենտական կառավարումը չի կարող լուծել այն խնդիրները, որոնք կուտակվել են երկրում։ Ավելին, համոզված է, որ նախկին համակարգին վերադարձի համար կա հանրային պահանջ եւ բազմաթիվ մարդիկ, եւ տարբեր ուժեր պատրաստ են իր հետ դուրս գալու փողոց։ Ուշագրավ է այն, որ Գրիշա Վիրաբյանի կողմից այս քաղաքական պահանջի ձեւակերպումից եւ ձեւակերպված քաղաքական պահանջի հանուն պայքարի մասին հայտարարելուց հետո Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ ստեղծելու է հատուկ խումբ, որը քննարկելու է սահմանադրական փոփոխություններ կատարելու հարցը։ Հանդիպում է եղել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եւ պարոն Ծառուկյանի հորդորին ականջալուր լինելով Գրիշա Վիրաբյանը որոշում է կայացրել անորոշ հետաձգել հանրահավաքը։ Նշենք, որ Գրիշա Վիրաբյանը նաեւ Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմի անդամ է եւ նրա ցուցակում վերջին պառլամենտական արտահերթ ընտրություններում առաջադրված է եղել որպես պատգամավորի թեկնածու։ Սա կարեւոր ազդակ է, իրականում նախ՝ զուտ քաղաքական ներթիմային կարգապահության տեսակետից, ինչից կարող են քայլիստները օրինակ վերցնել /Ծառուկյանի քաղաքական թիմում նման հարց օրակարգում այս պահին չկա/, եւ ապա նաեւ, պետք է հաշվի առնել, որ ներհայաստանյան հասարակական քաղաքական դաշտում բավական լարված վիճակ է եւ հավելյալ լարումը կարող է առիթ դառնալ հնարավոր ցնցումների համար։ Սա իրականում ողջամիտ ու ռեալ պոլիտիկի տեսանկյունից ճիշտ հաշվարկված քայլ է, ներկա իրողությունների եւ զարգացումների համատեքստում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )