ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԵՆ ԱԲԱԶՅԱՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տարակուսած է՝ ինչպե՞ս է ստացվել, որ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող առանձնատունը հանվել է կալանքից ու վաճառվել։ «Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետեւ դա մեզ հայտնի չի եղել, ու մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»,- հայտարարել էր դատախազը։ Ապա պատասխանելով հարցին, թե քննի՞չն է մեղավոր, ասել էր․ «Դատարանն է այդպիսի որոշում կայացրել, դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է, եւ առանց բողոքարկման արդյունքներին սպասելու, հանվել է կալանքից»։

Բանն այն է, որ դատախազությունը դեռ 2 տարի առաջ արգելանք էր դրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատան վրա, քանի որ այն պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց էր համարվել։ Հետո Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, դիմել էր դատարան, որպեսզի արգելանքը հանվեր։ 4 ամիս անց առաջին ատյանի դատարանը բավարարել է դիմումը, եւ չնայած դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ դատարան, սակայն արգելանքն արդեն հանվել է, եւ առանձնատունը վաճառվել է նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին, ով մեկ ամիս առաջ գնել էր «Գոլդեն փելեսը»։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, չսպասելով բողոքարկման արդյունքներին, մեկ ամիս առաջ Կադաստրի կոմիտեին տեղեկացրել է, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա որեւէ սահմանափակում չկա, եւ այն կարող է վաճառվել։

Հակակոռուպցիոն կոմիտեն փաստացի դեմ է գանցել դատախազությանը եւ նպաստել, որ վիճելի գույքն արագությամբ վաճառվի։ Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների միջեւ հակասություն կա։ Պարբերաբար Քննչական կոմիտեն է առանձին գործերով հակասություններ ունենում դատախազության հետ, ԱԱԾ-ն ու Հակակոռուպցիոն կոմիտեն։ Դատախազությունը կամաց դառնում է «սպիտակ ագռավ» իշխանություններին հնազանդ իրավապահ ինդուստրիայում։ Դատախազի տարակուսանքից ժամեր անց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, թե Դավթյանի տարակուսանքն անհիմն է, իսկ իրենց քայլերը՝ հիմնավոր։ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան 3 օր հետո: Ընդ որում, վերը նշված որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը: Հետեւաբար, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պարտավոր էր առաջնորդվել բացառապես օրենքով եւ կատարել դատարանի որոշումը։ Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն։ Այսպիսով, առնվազն տարակուսելի է, որ գլխավոր դատախազը, քաջատեղյակ լինելով վերը նշված քրեադատավարական նորմերին, նման կերպ է արձագանքել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանի սրտի «հակակոռուպցիոներ» Սասուն Խաչատրյանը։

Ապա կրկին արձագանքեց դատախազությունը՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը ոչ միայն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ձեւավորված դատական պրակտիկայից, այլեւ ուղղակի հակասում է իր իսկ վարույթում գտնվող այլ գործերով (ինչպես նաեւ նախկին ՀՀ ՀՔԾ) դրսեւորած իրավական դիրքորոշմանը: Եվ դարձյալ դատախազությունը կասկածի տակ է դնում Սասուն Խաչատրյանի ու նրա ղեկավարած կառույցի մասնագիտական գիտելիքները՝ նկատելով․ «Խիստ տարօրինակ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասին հղում կատարելու պարագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերներն այս անգամ չեն հիշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի գոյության մասին, համաձայն որի՝ օրենսգրքով նախատեսված դեպքում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը»։

Երկար-բարակ բացատրություններից հետո դատախազությունը վերջում նաեւ նրբորեն սպառնացել է․ «Ակնհայտ է, որ նման տարբերակված մոտեցման մասին վկայող իրողություններն առաջացնում են գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու անհրաժեշտություն, ինչի առումով դրսեւորվելու է հետեւողականություն»։

Իրականում, ամեն ինչ այդքան բարդ չէ, որքան թվում է այս խուճուճ իրավաբանական ձեւակերպումներից։ Խնդիրն ընդամենը մարդկային հարաբերությունների լարվածության մեջ է։ Իսկ դա դեռ 2018-19 թվականներից է գալիս, որն ավելի ակնառու դարձավ վերջին մեկ տարում, երբ դատախազը չհաստատեց հակակոռուպցիոնի մեղադրականը նախ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ապա բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ։ Եվ կրկին հրապարակային հաղորդագրություններով միմյանց դեմ հանդես եկան։
Հարաբերություններն առավել սրվեցին այն ժամանակ, երբ դատախազության ցուցումով ԱԱԾ-ն հունվարի 20-ին բերման ենթարկեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին եւ 2 աշխատակցի։ Ա․ Սարգսյանը, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի զարմիկն է՝ հորաքրոջ որդին, ուստի Խաչատրյանը կարողացավ հասնել նրան, որ իր ազգականին չձերբակալեն, չկալանավորեն։

Թեեւ դատարանը բավարարեց ՔԿՀ մյուս 2 աշխատակիցների մասով կալանքի միջնորդությունները։ Մեր տեղեկություններով, այս դեպքը հատկապես լարել է Սասուն Խաչատրյանի եւ Արթուր Դավթյանի հարաբերությունները։ Եվ հիմա երկու հիմնարկներն իրար դեմ կոնտրքայլեր են անում՝ Սասուն Խաչատրյանի կոմիտեն դատախազության դեմ է գնում եւ նպաստում Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքին։ Արթուր Դավթյանի դատախազությունն էլ որոշել է բացահայտել Հակակոռուպցիոն կոմիտեի կոռուպցիան։

Ի դեպ, մեզ ասացին, որ Սասուն Խաչատրյանի հետ դատախազի դեմ է աշխատում նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, որը կոնկրետ դեպքերով ձախողում է դատախազության քայլերը։ Խաչատրյանն ու Աբազյանը երկուսով որոշել են Արթուր Դավթյանի դեմ դժգոհության ալիք հասունացնել եւ հասնել նրա պաշտոնանկությանը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )