Սաակաշվիլին հայտնել է՝ որտեղ է գտնվում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նամակ է ուղարկել Թբիլիսիի Գլդանսկի շրջանի N18 բանտի հիվանդանոցից՝ հայտնելով, որ իրեն խաբեությամբ Ռուսթավիի բանտից տեղափոխել են այդ հաստատություն:
Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, Սաակաշվիլիի գրած նամակը եթերում ընթերցել է նրա փաստաբան և «Մթավարի» ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիան: Ավելի ուշ տեքստը հրապարակվել է Սաակաշվիլիի՝ սոցցանցերի էջերում:
Ձերբակալության իսկ օրը հացադուլ հայտարարած գործիչը պնդում է, որ բանտի հիվանդանոց տեղափոխելիս, ինչից նա կտրականապես հրաժարվում էր վերջին շաբաթներին, իրեն գետնին քաշ տալով են տարել, քաշել են մազերից և մի քանի անգամ հարվածել են պարանոցին:
Նախկին ղեկավարը գանգատվել է, որ գտնվում է հիվանդասենյակում, որտեղ վիրավորական արտահայտություններ է լսում իրենց պատիժը կրող բանտարկյալներից:
Սաակաշվիլին միևնույն ժամանակ կոչ է անում իր կողմնակիցներին «չտրվել սադրանքներին», որոնք իր կարծիքով պատրաստում են իշխանությունները:
Բանտի ղեկավարությունը հրաժարվել է անմիջական հանդիպում կազմակերպել փաստաբանների և գործչի միջև՝ որոշումը պատճառաբանելով ոչ աշխատանքային ժամով:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:
