Սաակաշվիլիին ազատ արձակելու միջնորդությունն ավելի քան 51 000 մարդ է ստորագրել
Ավելի քան 51 000 մարդ ստորագրել է Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու միջնորդությունը: Ստորագրահավաքը սկսվել է հոկտեմբերի 7-ին: Միջնորդությունը հասցեագրված է կառավարությանը: Որպեսզի փաստաթուղթը հանձնվի հասցեատիրոջը, սույն միջնորդագրի հրահանգների համաձայն, անհրաժեշտ է հավաքել 75 000 ստորագրություն: Վրաստանում միջնորդությունները միայն խորհրդատվական բնույթ են կրում և պետությանը չեն պարտավորեցնում որևէ որոշում կայացնել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե կարծում եք, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը մի քանի օր հացադուլի մեջ է, պետք է ազատ արձակվի բանտից և հնարավորություն ունենա նորմալ մասնակցելու քաղաքացիական և քաղաքական գործընթացներին, ապա ստորագրեք միջնորդությունը: Միասին մենք նախագահին կազատենք գերությունից», – ասվում է փաստաթղթում, որը ստորագրել է 51 132 մարդ:
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:
