Ռազմական գործողությունները սկսելու օրը որևիցե մեկին հայտնի չի եղել. Դավիթ Տոնոյան
«Այո, սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել»,- այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե նախապես տեղյակ եղե՞լ է 2020 թվականի սեպտեմբերին սպասվող մարտական գործողությունների վերաբերյալ։
«Տեղյակ եմ եղել` հաշվի առնելով իմ փորձն ու վերլուծելով ստացվող պաշտոնական տեղեկատվությունը։ Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսելու օրը որևիցե մեկին հայտնի չի եղել»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը։
Հարցին, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկել պատերազմը կանխելու համար՝ պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ ի պաշտոնե իր լիազորությունների շրջանակում էր պաշտպանական քաղաքականության իրականացումը, որը ձևակերպված է մի քանի փաստաթղթերով։
«Իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված կառավարության երկու որոշումներն են 2018-ին և 2019-ին: Ընդ որում 2018-ի որոշումը կարելի է կոալիցիոն կառավարության ծրագիր կոչել, իսկ 2019-ի կառավարության ծրագիրն ունի նաև միջոցառումների ցանկ, որը կարող եմ ներկայացնել»,- ասաց նա։
Դավիթ Տոնոյանը որոշ մեջբերումներ արեց այդ որոշումներից, որոնք վերաբերում են պաշտպանության նախարարությանը․ «Այն է՝ զսպման ուժերի և միջոցների զարգացում, զորքերի մարտական կարողությունների բարձրացում։ Այն նաև ներառում է՝ ավելացնել հրթիռային զորքերի, հրետանու կրակային և հարվածային հնարավորությունները, ԶՈւ-ն համալրել բազմագործուն ավիացիոն համալիրներով: Դա այն ՍՈւ 30-ների մասին է, որի վերաբերյալ անընդհատ հարցեր են առաջանում, և ԱԹՍ-ներով: Բարձրացնել օդային հարձակման միջոցների պաշտպանվածության մակարդակը և կատարելագործել վաղ հայտնաբերման համակարգը»։
Նա նաև նշեց, որ գոյություն ունի սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիր, ԶՈՒ զարգացման ծրագիր, մշակվող, վերամշակվող անընդհատ թարմացվող ԶՈՒ կիրառման պլանը, և դրանից բխող փաստաթղթերի մեծ փաթեթ: «Դրանք եղել են իմ՝ որպես պաշտպանության նախարար գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթերը, և իմ լիազորությունների շրջանակում ես դա իրականացրել եմ»,- նշեց Տոնոյանը։
