Ջրի մեջ հայտնաբերել են Հրազդանի բնակչի դին՝ բերանը կպչուն ժապավենով կապված ՀՀ ՔԿ

Ջրի մեջ հայտնաբերել են Հրազդանի բնակչի դին՝ բերանը կպչուն ժապավենով կապված ՀՀ ՔԿ Գեղարքունիք մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 72-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին` ժամը 13.40-ին, ՀՀ ոստիկանության Սևանի բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող լողափում՝ ջրի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել են 1946 թվականին ծնված Հրազդան քաղաքի բնակչի դին՝ բերանը կպչուն ժապավենով կապված վիճակում: Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի կատարումն հանձնարարվել է քննչական խմբին: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատանյութագիտական և դատակենսաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )