-Shadow-Here--Shadow-Here- ՊՈՒՏԻՆԻ ՏՂԱՄԱՐԴ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՐ ԵՄ ԵԿԵԼ – ԱՄԲԻՈՆ NEWS

ՊՈՒՏԻՆԻ ՏՂԱՄԱՐԴ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՐ ԵՄ ԵԿԵԼ

Հայերով հավաքվել ենք Ռուսաստանի դեսպանատան դիմաց, որ մեր աջակցությունը ցույց տանք Ռուսաստանին։ Վլադիմիր Պուտինի տղամարդ տեսակի համար, իր խոսքի տերը լինելու համար աջակցում ենք Ռուսաստանին»,- հայտարարեց ՌԴ դեսպանատան մոտ մեկնարկած ակցիայի մասնակիցներից մեկը։

«Պուտինը դեռ 20 տարի առաջ է ասել, որ եթե հանկարծ որեւէ մեկը փորձի նեղացնել իր ժողովրդին, ինքը պատրաստ է թիկունք կանգնել իր ժողովրդին։ Նա դա ասել է ու հավելել, որ կապ չունի, թե որ պետության մեջ կապրի իր ժողովուրդը։ Հիմա, փաստորեն, հենց այդ վիճակն է, նա իր խոսքի տերն է լինում փաստացի։ Դոնբասում, Լուգանսկում 8 տարի շարունակ երեխեքին ու ծերերին սպանել են․․․ Ինքն իսկական ղեկավար է,  ամենակարեւորը՝ խոսքի տեր»,- նշում էր մեկ ուրիշը։

«Կարծում եմ՝ առաջիկա շաբաթներում հատուկ ռազմական գործողություններն ավարտվելու են։ Ռուսաստանի համար հաջող ելքն ուղղակի անխուսափելի է, պարզապես քանի որ խնդիր է դրված, որ խաղաղ բնակչությանը հնարավորինս հեռու պահել հնարավոր աղետներից, դրա համար էլ ռազմական գործողություններն այսքան ձգվում են»,- իր ելույթում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, որը եւս եկել էր աջակցություն հայտնելու ՌԴ-ին։ «Ռուսական պետականության համար այն, ինչ տեղի է ունենում, ունի գոյաբանական նշանակություն։ Այն, ինչ տեղի է ունենում, գոյաբանական նշանակություն ունի նաեւ մեզ համար, դրա համար էլ այստեղ ենք՝ ՌԴ դեսպանատան մոտ։ Այն աղետը, որը մեր գլխին բերվեց 44-օրյա պատերազմի տեսքով, գծագրված էր, գծագրված էր այն նույն ուժային կենտրոնների կողմից, որոնք Ուկրաինայում տարիներ շարունակ հակառուսականություն են քարոզել։ Ռուսաստանի հաջողությունը, միանշանակ, միտված է լինելու՝ նպաստել նաեւ մեր պետականության ամրապնդմանը։ Դրա համար մենք անպայման մեր խոսքն այս օրերին պիտի ասենք, անձամբ ես դրա համար եմ այստեղ։ Հայոց պետականության մեջքը շտկելու կարեւորագույն գրավականներից մեկը Ռուսաստանի հաջողությունն է, ու մարդիկ պիտի այս օրերին տրամաբանական եզրակացություններ անեն»,- հավելեց նա։

«Մեր հիշողության միջից չի ջնջվել պատմությունը, ու մենք այսօր ուղղակի պարտավոր ենք սատար կանգնել ՌԴ-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի ճակատամարտով վճռվում էր աշխարհի նոր կառուցվածքը։ Եթե Գերմանիան հաղթում էր, ապա միանգամից 24 թուրքական դիվիզիա պատրաստ էին հարձակվելու ու հարավային ֆրոնտ բացելու։ Հայ ժողովուրդը, որը տեսել էր ցեղասպանություն, մինչեւ վերջին կաթիլ արյունը մյուս ազգերի հետ եւս կռվեց։ Շատ մեծ աղետ էր լինելու, բայց չեղավ։ Հիմա այսօր ես՝ անձամբ, զուգահեռներ եմ տանում Ստալինգրադի ճակատամարտի ու այն իրադարձությունների հետ, որոնք հենց հիմա տեղի են ունենում Ուկրաինայում։ Չեմ ասում պատերազմ, որովհետեւ սա պատերազմ չէ, սա ազատագրում է։ ՌԴ-ն ազատագրում է ուկրաինացի ժողովրդին ֆաշիզմից։ Այսքան տարիների ընթացում քանդել են հետխորհրդային երկրներն ու փորձել են իրենց օրակարգը թելադրել այս ժողովուրդներին։ Ես ուզում եմ խորհուրդ տալ բոլոր նրանց, բոլոր այն վերլուծություն անողներին, որոնք սատարում են Ուկրաինային։ Դա շատ մեծ սխալ է, որովհետեւ իրականում, նախ, պետք չէ ամբոխը շփոթել ժողովրդի հետ։ Մի հատ տեսեք՝ ինչ է կատարվում այն երկրների հետ, որտեղ իշխանությունը գալիս է ամբոխի միջոցով։ Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում լրիվ նույն սցենարն է, երբ որ ամբոխը բերեց իշխանություն։ Ծաղրածուներին բերեցին իշխանության, ու քանդվեցին ամուր, հզոր երկրները։ Ես սատարում եմ Ռուսաստանին, ֆիքսում եմ, որ Ռուսաստանը եւս մեկ անգամ հավատարիմ մնաց իր որդեգրած քաղաքականությանը»,- նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանը։

Հավաքվածների մի մասն էլ պնդում էր, որ իրենք պատրաստ են մեկնել ռազմաճակատ՝ կռվելու ռուս եղբայրների կողքին, ավելին՝ նրանք իրենց պատրաստակամությունը հայտնեցին դիմում-նամակով, որը հանձնեցին դեսպանատուն։ «Մենք Գլխավոր շտաբի հետ գործ չունենք։ Մենք մեր նամակն ենք բերել ու մեր պատրաստակամությունն ենք հայտնում։ Մենք տեսել ենք՝ էդ Գլխավոր շտաբն ու մնացածն ինչեր են արել Ղարաբաղում, մենք իրանց ու էդ քաղաքական թեմաների հետ առհասարակ կապ չունենք, մենք գործի մարդիկ ենք, խոսքի մարդիկ չենք մենակ։ Ժողովուրդ, ժողովուրդ․․․ մթերային խանութներում հացի համար կռիվ են տալիս, բայց թե ինչ է կատարվում, ոչ մեկը ձեն չի հանում, թողես մենակ խոսան։ Հենց հիմա այստեղ կռվի մասնակից լիքը սպաներ կան, մենք որեւէ կուսակցության անդամ չենք, քաղաքականությանն էլ չենք խառնվել այսքան ժամանակ, թող մեզ տանեն՝ կռվենք»,- ասաց Ռուբեն Ծատրյանը։

Նշենք, որ ակցիան գոնե համացանցում լավ չի ընդունվել։ «Այ տականքներ, բա մեր պատերազմի ժամանակ ո՞ւր էիք, դո՞ւք եք կռված տղերքը, դուք սկի սենց մի հասարակ միտինգ չհելաք անեք, այ ռուսամոլներ»,- գրում էին ֆեյսբուքյան օգտատերերը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )