Պետքարտուղար Պոմպեոն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի վերաբերմունքն Ուկրաինայի հանդեպ չի փոխվի
Ապենինյան թերակղզում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունն Ուկրաինայի հանդեպ անփոփոխ է մնում և մոտ ապագայում փոփոխություններ չի կրի, գրում է РИА Новости-ն:
«Մենք շարունակելու ենք աջակցել Ուկրաինային և նրա նոր իշխանություններին՝ ռուսական սպառնալիքներին դիմակայելու և երկրի ներսում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում»,- հայտարարել է Պոմպեոն:
Պոմպեոյի խոսքով` ԱՄՆ-ն հավատարիմ է մնալու Ուկրաինայի հանդեպ իր քաղաքականությանը նույնիսկ ներկա իրավիճակում, երբ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել: Պոմպեոն հավաստիացրել է, որ ներկա է գտնվել նշված հեռախոսազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Թրամփի և Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցից հետո, որում նա, ըստ հաղորդման, ճնշում է գործադրել ուկրաինական կողմի նկատմամբ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացը:
