Չինաստանում բացվել է սառցե թեմատիկայով աշխարհի ամենամեծ փակ այգին

Աշխարհի ամենամեծ փակ սառցե եւ ձյան թեմատիկ այգին պաշտոնապես բացել է իր դռները հանրության համար՝ Չինաստանի հյուսիս-արեւելյան Հարբին քաղաքի այցելուներին հնարավորություն տալով վայելել ձմեռը ողջ տարին, հայտնում է CNN-ը։

Երկրի ամենահյուսիսային քաղաքը՝ Հարբինը, Հեյլունցզյան նահանգի մայրաքաղաքն է, այն նաեւ հայտնի է որպես Սառցե քաղաք՝ իր երկար, ցուրտ եւ ձյունառատ ձմեռների եւ կարճ, զով ամառների պատճառով:

Այս ամիս բացման արարողության ժամանակ Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնյան Harbin Ice and Snow World ընկերությանը հանձնեց «աշխարհի ամենամեծ փակ սառցե եւ ձյան թեմատիկ պարկի» վկայականը։

Ճակատագրի հեգնանքով, բացումը համընկավ Հարբինում ջերմային ալիքի հետ, որի ջերմաստիճանը դրսում հասնում էր 29 աստիճանի, մինչդեռ փակ թեմատիկ այգու ներսում ջերմաստիճանը -8 C-ից -12 C է:

Harbin Ice and Snow Park-ը զբաղեցնում է 23800 քառակուսի մետր տարածք եւ բաժանված է ինը թեմատիկ հատվածի՝ 13 ինտերակտիվ նախագծերով: Օգտագործելով սառցե քանդակագործության առաջադեմ տեխնիկան եւ առաջադեմ լուսավորության, ձայնային եւ ինտերակտիվ տեխնոլոգիաները՝ այգին առաջարկում է անմոռանալի փորձ:

Այգու ատրակցիոնների կառուցման ժամանակ օգտագործված սառույցը հանվել է Սոնհուա գետից, սառույցի ընդհանուր ծավալը կազմել է 20 հազար խորանարդ մետր։ Ներսում այցելուները կարող են վայելել կախարդական մթնոլորտ՝ լցված սառույցով, լույսով, զվարճանքներով եւ համեղ ուտեստներով: Գոյություն ունեն նաեւ մրգերի, պաղպաղակների եւ տորթերի գունագեղ սառցե քանդակներ, որոնք պատրաստված են ուտելի ներկերի օգտագործմամբ:

Հարբինի ձյան եւ սառույցի ամենամյա փառատոնը գրավում է տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների Չինաստանից եւ արտերկրից, սակայն այս նոր գրավչությունը նպատակ ունի երկարացնել քաղաքի զբոսաշրջային սեզոնը եւ այն դարձնել վայր՝ ամբողջ տարվա համար:

Share This