Չարաչար սխալվում են մտածողները, թե խաղաղության օրակարգը ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի հայության խաղաղ ոչնչացումն է. Փաշինյան
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով»,-կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը և բացատրեց, որ այն նշանակում է, որ խաղաղապահները Արցախի Հանրապետությունում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը և փարատված չեն տեղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները:
Նրա արձանագրմամբ՝ 2021 թ. նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարևոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում, ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում ՌԴ խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը:
«Սոչիի երկու հայտարարությունները ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո, առանց Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների, խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հայտարարելով թե Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել Հայաստանի կողմից, իբր, իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար՝ Փաշինյանն ասաց. «Մինչդեռ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, և սա հիմնավորվում է մի քանի փաստով: Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է «Լաչինի միջանցք», այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին: Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան որևէ հիշատակում:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլև 5 կիլոմետր լայնությամբ տարածք: 9-րդ կետում որևէ նման տարածքի հիշատակում չկա, և խոսքը միայն տրանսպորտային հաղորդակցության մասին է, իսկ եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:
9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը: Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին» թիվ 695 հրամանագրի 3-րդ կետով, որում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը՝ իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ՝ քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար»:
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և նրա գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի էլ կարող լինել, այլ խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է:
«Ընդ որում՝ պայմանավորվածություն ասելով՝ պետք է նկատի ունենալ հայտարարությունը, որովհետև որևէ այլ պայմանավորվածություն բնականաբար չի կարող լինել»,-հավաստիացրեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ստեղծվել է միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխափան և անվտանգ կապ ստեղծելու նպատակով, որպես անվտանգության երաշխիք, կյանքի միակ և անայլընտրանք ճանապարհ ԼՂ-ի համար:
Փաշինյանն արձանագրեց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու մասին է, որի համատեքստում էլ հիշատակվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը, որը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացի մաս է:
Ընդգծելով, որ այն ակնհայտ է դարձնում նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի բացվածք հանդիսացող՝ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն հավելեց. «Ըստ այդմ, անհրաժեշտ է արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են: Այդ կետով Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի կամ որևէ այլ հայտարարության հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի:
Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է եղել և պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին, և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով. Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը»:
Հիշատակելով համաձայնագրերի դրույթները՝ Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից:
«Նման մերժողականությունը բացարձակապես անհասկանալի է: Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք, ուրեմն, այդ հսկիչ անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք: Պարզ է՝ նրանք սկզբից կտատանվեն, սկզբից կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա նաև հայտարարեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը ճանապարհների կառուցման պարտավորություն չունի, այլ նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության դեպքում, ինչին Հայաստանը պատրաստ է:
«Համաձայնություն չի կայանում միայն մի պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ»,-ասաց Փաշինյանը և ամփոփելով խոսքը շեշտեց. «Մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին, բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի հայության խաղաղ ոչնչացումն է՝ չարաչար սխալվյում է: Խաղաղության օրակարգը ՀՀ-ի և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, և մենք հասնելու ենք մեր նպատակին»:
