Ո՞ՐՆ Է ՆՊԱՏԱԿԸ ԱՅԴ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ԵՒ Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՍՏՈՒԳԵԼ
Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքները թեպետ վերջնականապես չեն ամփոփվել, եւ դեռ պարզ չէ, թե ամենաշատ դիմումները որ առարկաներից են եղել, բայց, ինչպես օրեր առաջ մեզ փոխանցեցին ԿԳՄՍ նախարարությունից, այս տարի կամավոր ատեստավորման համար դիմել է շուրջ 4 հազար ուսուցիչ (անցած տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 1372 ուսուցիչ, որից առարկայական գիտելիքի ստուգմանը՝ 996 ուսուցիչ, այսինքն, դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը):
Այս տարի կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները: «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» եւ «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Հայոց պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչների համար կազմվելու է մեկ թեստ՝ ներառելով երկու առարկաները: «Հանրահաշիվ» եւ «Երկրաչափություն» առարկաները եւս ներառվելու են մեկ թեստում։
5-12-րդ դասարաններում դասավանդվող առարկաների ուսուցիչների ատեստավորումն իրականացվելու է թեստավորման եղանակով՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից: Համաձայն կարգի՝ ատեստավորումից 20 օր առաջ հրապարակվելու են առարկայական ուղեցույցները, որտեղ ներկայացվելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, առաջադրանքների նմուշները։
Ատեստավորումը կազմակերպվելու է սեպտեմբերին: Հոկտեմբերից հավելավճարները կհաշվարկվեն ըստ ցուցաբերված արդյունքների, իսկ բարձրացված հավելավճարը սահմանվելու է 5 տարի ժամկետով։
Ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կհաշվարկվի 200 հազար դրամով, որի նկատմամբ կհաշվարկվի 30, 40 կամ 50 % հավելավճարը:
Ի դեպ, մասնավոր, ոչ պետական դպրոցների ուսուցիչները եւս կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը, օրենքը չի արգելում՝ թույլ է տալիս, բայց այս դեպքում գործատուն՝ մասնավոր դպրոցի տնօրինությունը, պետք է պատրաստակամություն վերցնի՝ իր միջոցների հաշվին ատեստավորման արդյունքում ուսուցիչներին վճարելու այդ հավելավճարները։
«Փոքրիկ իշխան» կրթահամալիրի տնօրեն, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Մարիա Խախամյանը միանշանակ կողմ է, որ որակի ստուգման համար ժամանակ առ ժամանակ ուսուցիչն ատեստավորում անցնի, բայց «այն ձեւաչափով, որ արվեց դա անցած տարի, շատ դաժան էր ուսուցիչների հանդեպ եւ անարդար։ Շատ կարեւոր է, որ մենք գիտակցենք, թե նպատակը որն է այդ ատեստավորման, եւ ինչ ենք ուզում ստուգել, մենք ուզում ենք ապացուցել, որ դու չգիտե՞ս, լավը չե՞ս ու դրա համար իրավունք չունե՞ս աշխատելու եւ ուրեմն գնա՝ ինքդ քո վրա աշխատիր․․․։ Ի՞նչ ենք ուզում ստուգել․․․ Ցավոք, այն, ինչ եղավ, այդպիսի բնույթ ուներ»,-նկատում է նա։
«Կամավոր ատեստավորումը ենթադրում է, որ դա պարտադիր չէ, եւ եթե դու պատրաստ չես, մի դիմիր, բայց մարդիկ չգիտեն, թե ինչին պատրաստ լինեն, որովհետեւ թեստերը, ինչքան էլ իրենք մոտավոր պատկերացումներ ունեն, դրանք անակնկալներով լի են եւ բավական ծանր թեստեր են, ու գուցե մարդիկ, իսկապես, չեն իմանում, թե ինչին են գնում»,- ասոում է Մ․ Խախամյանն ու եւս մեկ անգամ ընդգծում, որ ատեստավորման գաղափարին նորմալ է վերաբերվում, բայց կազմակերպման ձեւաչափը, մոտեցումը եւ նպատակը պետք է հստակեցվեն եւ ճիշտ սահմանվեն, թե ինչի համար ենք ուսուցիչներին ատեստավորում։
«Ի վերջո, նպատակը պետք է ծառայի նրան, որ մարդը դրանից ավելի մոտիվացվի, ինչը սահմանել են աշխատավարձի բարձրացմամբ, որ եթե դու լավ աշխատես, լավ հանձնես, կստանաս 400 հազար դրամ աշխատավարձ։ Հիմա պետք է հասկանալ, թե ինչ պահանջներ ենք մենք դնում, որը մոտիվացիա է, եւ շատերը կգնան կամավորին։ Մինչդեռ նախորդ՝ անցած տարվա փորձը ցույց տվեց, որ անգամ դպրոցի լավագույն մանկավարժներից չէին կարողացել հաղթահարել այն։ Հիմա իրենց պիտակավորենք, որ իրենք անգրագե՞տ են, իհարկե՝ ոչ, դեռ հարց է՝ ինչ թեստ էիք դրել ուսուցչի դիմաց, որ կարողանար լուծել։ Եթե այդ թեստը պիտի կարողանար լուծել ԵՊՀ-ի դասախոսը, մենք իրավունք չունենք այդ նույնը տալ դպրոցի ուսուցչին։ Ես անձնապես ծանոթ չեմ այդ թեստերի բովանդակությանը, բայց ուսուցիչներից ունեմ այդ հետադարձ կապերը»։
Ինչ վերաբերում է մասնավոր դպրոցներին, ապա․ «Մեր ուսուցիչները պարտադիր կամավոր հիմունքներով չեն անցնելու այս ատեստացիաները։ Մենք էլ այդ գործընթացին կգնանք, երբ ամեն ինչ ավելի հստակ լինի, եւ, իմ նշած չափանիշներին համապատասխան, ունենանք հնարավորություն՝ արդեն բոլոր ուսուցիչներին ուղարկել ատեստավորումներին եւ գուցե հենց մենք էլ՝ ոչ պետականներս, կիրառենք այդ չափանիշները մեզ մոտ՝ ատեստացիա անցած մարդկանց վարձատրությունը բարձրացնելով։ Բայց դա, բնականաբար, ինդիվիդուալ է, եւ լծակներ չկան՝ ստիպելու ոչ պետականին, որ դրա հիման վրա բարձրացրու։ Բայցեւայնպես հասկանալի է, որ մրցակցային դաշտում ոչ պետականն էլ պետք է կողմնորոշվի, թե ինքն այդ դեպքում կամավոր կամ ոչ կամավոր ատեստացիա անցած ուսուցչին ինչ վարձատրություն սահմանի, փոխարենը նրա, ով այդ ատեստացիան չի անցնում։ Ի դեպ, այդ չափանիշներն արդեն շատ դպրոցներ ունեն՝ իրենց ներքին ձեւավորված ֆինանսական համակարգը, դա ամեն մեկը յուրովի է որոշում եւ սահմանում, բայց նման գործընթացը կբերի նրան, որ նաեւ ոչ պետականները հաշվի նստեն այս մոտեցման հետ եւ պետք է տեղավորվեն արդեն այդ շրջանակներում ու իրենց մոտեցումը կառուցեն դրա հիման վրա»։
