Շնչառական վարակներով հիվանդների 94 տոկոսը երեխաներ են. արդյոք ԱՆ-ն դիմե՞լ է ԿԳՄՍՆ-ին՝ ուսումը հեռավար անցկացնելու համար

Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, թիրախն էլ հիմնականում երեխաներն են:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բաժնի բժիշկ, համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց՝ այս պահի դրությամբ ՍՎՇ-ի դեմ ստացիոնար բուժում է ստանում 400 հիվանդ, որից 378-ը՝ 0-18 տարեկան երեխաներն են: Այսինքն՝ երեխաները կազմում են հիվանդացածների 94,5 տոկոսը:

«Համաճարակային շեմից հիվանդացությունը 2.2 անգամ բարձր է: Պոլիկլինիկա կազմակերպություններ դիմելիությունը նույնպես աճել է: Վերակենդանացման բաժանմունքում այս պահին ընդհանուր առմամբ բուժում է ստանում 21 երեխա, որից 16-ը՝ 0-14 տարեկան, 10-ը՝ 0-4 տարեկան»,- ասաց Խաչատրյանը:

Սուր շնչառական հիվանդությամբ պայմանավորված՝ աճել են նաև շտապօգնության կանչերը, իսկ պոլիկլինիկա կազմակերպություններ դիմելիությունն աճել է 3 անգամ, ինչը նախորդ տարվա համեմատ բարձր է 1.5 անգամ: Մասնագետն ընդգծեց՝ ՍՎՇ հիվանդությունների աճին նպաստում է նաև կորոնավիրուսը, քանի որ այն նույնպես համարվում է սուր շնչառական վարակ:

Հիվանդացածների շարքում մեծ թիվ են կազմում երեխաները, քանի որ նրանք հաճախ գտնվում են փակ տարածքներում, օրինակ՝ դպրոցներում:

«Սեզոնը հիվանդությունների սկսվում է հոկտեմբեր ամսից և վերջանում հաջորդ տարվա մայիս ամսին: Պոլիկլինիկա դիմածների 67 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները, ընդ որում, հոսպիտալացվածների 94,5 տոկոսն էլ են 0-18 տարեկանները: Սա կապված է երեխաների ակտիվ շփման հետ, դպրոց հաճախելու և փակ տարածություններում ավելի սերտ շփվելու հետ, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում վարակի տարածման համար»,- նշեց Խաչատրյանը:

Համեմատել սուր շնչառական վարակների տարածումն ու աճը 2021 թվականի հետ, Եվգենյա Խաչատրյանի խոսքով, այդքան էլ ճիշտ չէ, քանի որ այդ ժամանակ գործող լոքդաունների պատճառով մարդիկ երբեմն բժշկական հաստատություններ չեն դիմել: Հիմա էլ, սակայն, հիվանդանալու պարագայում մասնագետին դիմելը մեր հասարակության մեջ արմատացած չէ: Համաճարակաբանն ընդգծեց՝ հատկապես երեխաների դեպքում երկու օր հետո, եթե նրանց վիճակը չի կայունանում, ապա պետք է շտապ դիմել համապատասխան մասնագետի:

ՍՎՇ բնորոշ ախտանշանները շատ են և տարբեր՝ քթահոսությունից մինչև հազ, կոկորդի ցավ, ջերմություն, ընդհանուր մարմնի ցավ: Հիվանդության խորանալու դեպքում՝ բրոնխների ախտահարում, թոքաբորբ:

Համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված՝ օրերս մամուլում շրջանառվում էր իբրև թե ԿԳՄՍ նախարարի հաստատած հրաման, որի համաձայն՝ փետրվարի 7-ից բոլոր դասերն ընթանալու են հեռավար: Նախարարությունն արձագանքել էր շրջանառվող այդ լուրերին՝ ընդգծելով՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ անդրադառնալով տարածվող կեղծիքին՝ նշել էր՝ գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվի:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )