Շները մարդկանցից պաշտպանված են
Գյումրիում վերջին շրջանում թափառող շներն ավելացել են, մարդկանց վրա հարձակումների մասին ահազանգերը՝ ևս։ Չկա ոչ մի թաղամաս՝ լինի կենտրոնական, թե ծայրամասային, որտեղ թափառող և ագրեսիվ շներ չլինեն։ Գյումրեցիները քաղաքի շներին ոչ միայն դեմքով գիտեն, այլ նաև համակերպվել են՝ օրենքով ՀՀ քաղաքացուց ավելի պաշտպանված շների հետ կողք-կողքի ապրելու պարտադրանքին։ Գյումրիի քաղաքապետարանի Կոմունալ ծառայության բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Ոսկանյանն ambion.news-ին ասում է, որ այս պահին ստերջացումը միակ տարբերակն է, ապաստարաններ չկան, այս պահին մենք չենք կարող մեր բյուջեի միջոցներով լուծել ապաստարանների հարցը։
Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով՝ շների հարձակումների մասին բնակիչներից ստացվող ահազանգերի թիվը պակասել է, բայց բողոքների բնույթը չի փոխվել։ Ոհմակներով շների հարձակումների կամ կծելու դեպքերը դեռ գրանցվում են։
«Ես կենդանասեր եմ, բայց արդեն էս ամեն ինչը վտանգավոր է շատ։ Էն անգամ էլ ես մուտքից դուրս եկա, մի հատ շուն կար, շատ հանգիստ էր, անցնելիս վրա չէր տա, բայց մի անգամ անցնելիս վրա տվեց, անգամ վախեցա, որ կարողա ոտքս խածե, շատ անգամներ եղել է երեխեքին է վրա տվել։ Երեկոյան ուշ ժամի չենք կարող դուրս գալ տնից»,- Ambion.News-ի հետ զրույցում ասում է Մուշ թաղամասի բնակիչներից մեկը։
Անի թաղամասի բնակիչներից մեկն էլ ասում է. «Շներին պտի տիրություն անեն, իսկ տիրություն էնելը ոչ թե ստերջացումն է կամ այլ եղանակները, այլ թափառող կենդանիներին պտի մի տեղ հավաքեն ու մեկուսացնեն»։
Բնակիչներին վրդովեցնում է պատկան մարմինների անհաղորդ պատասխանները, թե թափառող շները ստերջացված են, վնաս չեն տալիս,բայց բնակիչների համար օրինակները բազմաթիվ են, երբ ստերջացված շունը կծում է։
