Շարունակվում են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ. թուրք փոխնախարար
Թուրքիայի առևտրի փոխնախարար, մաքսային վարչության պետ Ռեզա Թունա Թուրագայը հայտարարել է, որ Անկարայի և Բաքվի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման կարևորագույն հարցերից մեկը «Զանգեզուրի միջանցքի» (չակերները՝ Tert.am) բացումն է:
«Այս «միջանցքի» (չակերները՝ Tert.am) բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու առումով՝ ավելացնելու առևտրի ծավալները։ Շարունակվում են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները «Զանգեզուրի միջանցքի» (չակերները՝ Tert.am) բացման շուրջ: Մենք ակնկալում ենք, որ «միջանցքը» (չակերները՝ Tert.am) կբացվի շատ մոտ ապագայում»,- նրա խոսքերն է մեջբերում APA-ն:
Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ապահովել, որ ադրբեջանական կողմը կարողանա անարգել անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Միաժամանակ, Փաշինյանը ընդգծել էր, որ դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու: Մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան: Հենց այսօր», – նշել էր նա:
