«Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել․ հայտարարում է Գևորգ Պապոյանը
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը, որը գործում է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի միջոցով, զրկվել է խաղատան կազմակերպման լիցենզիայից։
Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։
Նախարարի հրապարակած տեղեկության համաձայն՝ համապատասխան որոշումն արդեն ընդունվել է, ինչի արդյունքում ընկերությունն այլևս չի կարող իրականացնել խաղատան կազմակերպման գործունեություն։
Հիշեցնենք, որ «Շանգրի Լա»-ն Հայաստանում գործող խոշոր խաղատներից մեկն է և կապվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի անվան հետ։
Առայժմ լրացուցիչ մանրամասներ՝ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու պատճառների վերաբերյալ, պաշտոնապես չեն հրապարակվել։
