«Նրան սպասվում է արդարացում». Կամո Գրիգորյանի փաստաբանը բացառիկ մանրամասներ է հայտնում քաղաքական ենթատեքստով հագեցած գործից
«Նրան սպասվում է արդարացում». Կամո Գրիգորյանի փաստաբանը բացառիկ մանրամասներ է հայտնում քաղաքական ենթատեքստով հագեցած գործից
Մամուլում տարածվող տեղեկությունների հետքերով, թե կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը, «Ամբիոն Նյուզ»-ը կապ հաստատեց նրա փաստաբան Արսեն Բաբայանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ գործընթացներ են թաքնված այս ամենի հետևում։
Ինչպես հայտնեց պաշտպանը, Կամո Գրիգորյանը դեռևս 2025 թվականի հունիսից ունեցել է մեղադրյալի կարգավիճակ և գտնվել է հետախուզման մեջ։ Սակայն 2026 թվականի հունիսի 19-ին Գրիգորյանը բացառապես սեփական որոշմամբ՝ ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիններին։ Քանի որ նրա նկատմամբ նախապես որպես խափանման միջոց էր ընտրված եղել կալանքը, ներկայանալուց հետո այն ընդամենը ի կատար է ածվել՝ գործին ընթացք տալու համար։
Այս քայլի հիմքում ընկած է հստակ քաղաքական հաշվարկ։ Ինքնակամ ներկայանալու շարժառիթն ու ժամանակագրությունն ուղղակիորեն կապված են երկրում և մասնավորապես Գյումրիում ստեղծված քաղաքական նոր իրողությունների հետ։ Փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով հարցին, թե ինչու որոշվեց հենց հիմա դուրս գալ ստվերից, նշեց.
«Նա ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիններին։ Համարել է, որ հիմա է պահը ներկայանալու՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Գյումրիում տեղի ունեցող և համապետական քաղաքական իրադարձությունները: Սրանից ավելին այս փուլում չենք հայտնի՝ հաշվի առնելով պաշտպանական մարտավարությունը»։
Ակնհայտ է, որ սա ոչ թե նահանջ է, այլ սեփական իրավունքների համար պայքարելու և իշխանական համակարգին իրավական դաշտում հակադրվելու հստակ տակտիկական քայլ։ Պաշտպանական կողմը տրամադրված է ավելի քան վստահ ու մարտական և պատրաստ է կոտրել առաջադրված մեղադրանքը։
«Ես վստահ եմ, որ նրան սպասվում է արդարացում», — «Ամբիոն Նյուզ»-ի հետ զրույցում շեշտեց փաստաբան Արսեն Բաբայանը:
