-Shadow-Here--Shadow-Here- Նոր Սահմանադրություն՝ լղոզված սահմաններով – ԱՄԲԻՈՆ NEWS

Նոր Սահմանադրություն՝ լղոզված սահմաններով

ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը տեղեկացրեց հասարակությանը (այո, ընդամենը տեղեկացրեց, բա հո չէին խորհրդակցելու հասարակության լայն շերտերի հետ), որ Հայաստանին նոր Սահմանադրություն է հարկավոր։

Փորձենք հասկանալ, թե ինչ է թաքնված քպ-ական իշխանության այս ոչ անսպասելի նախաձեռնության տակ և ինչու՞ հենց հիմա առաջացավ նոր Սահմանադրություն ունենալու պահանջ։ Այս առիթով, շատերը հիշատակեցին Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի՝ 2021 թ-ին արված հայտարարությունը, որում Բաքվի բռնապետը՝ իրեն իրավունք էր վերապահում խրատներ տալ մեզ, պնդելով, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է հարկավոր։ Որքան հիշում եմ, Ալիևի այդ հայտարարությանը պաշտոնական Երևանը որևէ կերպ չարձագանքեց և չհակադարձեց։ Իսկ 3 տարի անց պարզվեց, որ Հայաստանի գործող իշխանությունը ամենևինել դեմ չէ Ալիևի առաջ քաշած այդ գաղափարին միս ու արյուն տալ։ Բայց այստեղ հարց է առաջանում, ինչու՞ իշխանությունը չի գնում սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, մանավանդ երբ չեն էլ պատրաստվում փոխել պետական կառավարման ձևը։ Ի դեպ, Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե քանի որ Հայաստանը վճռականորեն բռնել է ժողովրդավարության ուղին, մեր երկրի համար առավել նախընտրելի է խորհրդարանական համակարգը։ Հետաքրքիր տրամաբանություն է, կարելի է կարծել, թե այն երկրներում որտեղ գործում է նախագահական համակարգ, ժողովրդավարության լիարժեք դրսևորման հետ ինչ որ խնդիրներ կարող են լինել։ Հիշեցնենք, որ աշխարհում մեծ դեր ու կշիռ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են, օրինակ ԱՄՆ-ը և Ֆրանսիան՝ գործում է նախագահական համակարգ։
Կասկածից վեր էր, որ քպ-ական իշխանությունը փորձելու է ամեն կերպ պահպանել խորհրդարանական համակարգը՝ սուպերվարչապետության բաղադրիչով, քանի որ սա իշխող ուժի համար ամենակարճ ու հուսալի ճանապարհն է՝ սեփական վերարտադրությունը առավել դյուրին դարձնելու համար։ Բավական է համալրել տեղական ինքնակառավարման մարմինները յուրայիններով, դրա հետ մեկտեղ գործի դնելով վարչական ռեսուրսները, որպեսզի հնարավոր լինի հասնել ցանկալի արդյունքի, մանավանդ եթե ընտրողների մեծամասնությունն էլ իներտ պահվածք դրսևորի։
Պառլամենտական համակարգում, ինչպես հայտնի է, վարչապետի վերընտրության համար չեն գործում ժամկետային սահմանափակումներ։ Քպ-ականների աչքը լույս, ինչպես ասում են, իշխող ուժը որքան հաղթի խորհրդարանական ընտրություններում («հաղթանակ» բառին մոտենանք վերապահումով), այնքան ժամանակ էլ կկարողանան իրենց քաղաքական լիդեռի համար ապահովել վարչապետական բաղձալի աթոռը։ Իսկ քպ-ականների քիմքին ոչ հարիր՝ նախագահական համակարգում բոլորովին այլ տրամաբանություն է գործում և կան նախագահի լիազորությունների համար սահմանված հստակ ժամկետներ։ Եվս մի կարևոր հանգամանք նշենք, խորհրդարանական կառավարման ձևը առավել նպատակահարմար է այն երկրներում, որտեղ կան ամուր գաղափարական կուսակցություններ, որոնք ունեն քաղաքական պայքարի փորձ, կենսագրություն և անցել են երկարատև քաղաքական պրոցեսների միջով։ Հայաստանում նման կուսակցությունները շատ ու շատ քիչ են։ Բացի դրանից, ևրոպական երկրներում, որոնց գերակշիռ մեծամասնությունը պառլամենտական կառավարման համակարգ ունեն, կան քաղաքական ուժերի հստակ գաղափարական տարանջատումներ՝ լիբերալներ, սոցիալիստներ և սոցիալ-դեմոկրատներ, պահպանողականներ, ազգայնականներ։ Մեր երկրում այս սկզբունը իսպառ չի գործում, քանի որ կուսակցությունները ձգտում են ամեն գնով հասնել իշխանության, դա է իրենց այսպես ասած, «իդեյա ֆիքսը» ու այդ նպատակին հասնելու ճանապարհին, շատ դեպքերում անտեսում և հետին պլան են մղում իրենց քաղաքական սկզբունքներն ու գաղափարախոսությունները։ Պահի թելադրանքով կարող են դառնալ աջ, հետո ձախ, ապա կենտրոնամետ, ձախ ծայրահեղական և այլն։
Այս օրինակները բերեցի զուտ այն պատճառով, որ հիմնավորեմ, թե ինչու եմ անձամբ ես կողմ եմ նախագահական կառավարմանը և ինչու է իշխող ուժը նախընտրում խորհրդարանական համակարգը։ Բայց խնդիրը միայն սրանում չէ։ Նոր Սահմանադրություն ընդունելով, ցանկանում են վերացնել Արցախի անունը և որ Հայաստանն այլևս երբեք որևէ պարտավորություններ չկրի հայաթափված Արցախի հանդեպ։ Այլ կերպ ասած, իշխանությունները նպատակ ունեն զրոյացնել Անկախության հռչակագրի համապատասխան դրույթը։ Սա Ադրբեջանի հստակ պահանջն է, որին ՀՀ իշխող վարչակազմը փորձում է օրենքի ուժ տալ՝ նոր Սահմանադրության միջոցով։ Սրա հետ մեկտեղ, ամենևինել բացառված չէ, որ նոր հիմնական օրենքի ընդունմամբ վերջ դրվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Իսկ սա դժվար չէ կռահել, արդեն Թուրքիայի պահանջն է։ Հնարավոր է նաև որ փոփոխության ենթարկվեն մեր պետական խորհրդանիշերը։
Իշխանությունները խոսում են 29.8 հազար ք.կմ. Հայաստանի մասին, մինչդեռ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս պաշտոնապես հաստատեց, որ մեր երկրի մոտ 200 ք.կմ. տարածքը օկուպացված է մնում թշնամու կողմից։ Իսկ Ալիևը մերժեց զորքերի հայելային հետքաշման գաղափարը և դարձյալ հրաժարվում է դուրս հանել իր զորքերը ՀՀ տարածքից։ Եվ այս ամենի ֆոնին հնչում են վարչապետի այն խոսքերը, թե Հայաստանը լղոզված սահմաններ ունի։ ԼՂՈԶՎԱԾ… Եթե մենք ինքներս, չգիտես թե ինչու, կասկածի տակ ենք դնում մեր պետական սահմանները, ապա էլ ի՞նչ ենք սպասում թշնամուց։
Հետաքրքիր է, իսկ նոր Սահմանադրությունը, որը պատրաստվում են ընդունել, որևէ կերպ չի հստակեցնելու՞ պետական սահմանները, թե՞ դարձյալ լղոզված վիճակում է պահելու։

Արթուր Օգանեզով (Ambion.News-ի քաղաքական մեկնաբան)

Share This