«Նոր նախագիծն արդեն ճանապարհին է»․ Ամանորյա բլից՝ Անուշկա Մարգարյանի հետ
Ի՞նչ պատկերի հետ ես ասոցացնում Ամանորը:
Ամանորն ասոցացնում եմ ճերմակ գույնի, մաքրության, հրաշքների եւ բարության հետ։ Այդ օրը, կարծես, բոլորն են փոխվում, իրար բարին կամենում եւ սպասում հրաշքների։
Ի՞նչ բույր ունի Ամանորը քեզ համար:
Մանդարինի եւ ձյան:
Ուտեստ, որն անպակաս է ձեր Ամանորյա սեղանից:
Նրբաբլիթը։ Շատ եմ սիրում, բայց տարին մեկ անգամ ենք պատրաստում (ծիծաղում է)։ Երեւի դրա համար էլ միշտ սպասված է եւ ոչ սովորական։
Ուտեստ, որը դու ես պատրաստում:
Բոլոր ուտեսների պատրասման գործընթացին ես մասնակցում եմ։ Միշտ միասին ենք պատրաստել։
Ամանորյա ուտեստ, որը չես սիրում:
Խոզի բուդ չեմ սիրում։ Երբեք մեր սեղանին չի եղել։ Մեկ ամգամ եմ փորձել եւ այլևս չի կրկնվի (ծիծաղում է)։
Մինչեւ ե՞րբ ես հավատացել Ձմեռ պապի գոյությանը:
Մինչեւ հիմա էլ հավատում եմ ձմեռ պապիկի գոյությանը (ժպտում է)։ Բայց փոքր ժամանակ, երբ ես սենյակում էի լինում, հայրս դռան զանգը տալիս էր, մինչեւ դուրս էի գալիս սենյակից, ասում էր՝ փախա~վ, չհասցրի բռնեմ Ձմեռ պապին, նվերը թողեց ու գնաց, որ հասցնի բոլոր երեխաներին իրենց նվերները տալ։ Հետո հասկացա, որ ամեն տարի հնարավոր չէ, չհասցնի բռնել ու որ նա է բերում նվերը։ Բայց եւս մի քանի տարի ձեւացնում էի, իբր գլխի չեմ ընկել (ծիծաղում է)։
Ամենահիշարժան նվերը:
Ինձ համար ավելի կարեւոր է նվերի մատուցման ձեւը, հավանաբար այն, որ Ձմեռ պապին չէի հասցնում բռնել, ամենահիշվողն էր միշտ։
Ի՞նչ ջերմ հիշողություններ ունես Ամանորից:
Միայն մեկ Նոր տարի կառանձնացնեմ, որը երեւի ամենահիշարժանն ու հեքիաթայինն էր։ Հավանաբար մոտ 10 տարի առաջ էր՝ դեկտեմբերըի 31-ին, երեկոյան առատ ձյուն սկսեց տեղալ, ես Կապանում էի։ 12-ին տանը նշելուց հետո, մանկության ընկերներով դուրս եկանք դուրս եւ մինչեւ լույսը բացվելը վայելեցինք ձյունը, ձնագնդի խաղացինք, շատ հեքիաթային գիշեր էր։
Ամենասիրելի ամանորյա երգը:
Բոլոր ամանորյա երգերն էլ սիրում եմ, յուրաքանչյուրի մեջ ինչ որ մոգական բան կա։
Ամենասիրելի ամանորյա ֆիլմը:
Ամենասիրելի ամանորյա ֆիլմն ինձ համար «Տանը մենակն» է։ Շատ ստացված ֆիլմ է։ Ամեն անգամ կարծես առաջին անգամ դիտեմ։
Ինչպե՞ս եք նշում Ամանորը հիմա:
Հիմնականում ընտանիքով, հետո՝ ընկերներիս հետ, բայց այս տարի որոշել եմ տանը մնալ (ուղիղ իմաստով) (ծիծաղում է)։
Ի՞նչ ես խնդրել Ձմեռ պապից այս տարի:
Ձմեռ պապից դեռ ոչինչ չեմ խնդրել ինձ համար, թող այս տարի նա որոշի ինչի եմ արժանի։ Նրան չեմ սահմանափակի։
Ինչպիսի՞ն էր 2024-ը քեզ համար:
Ընդհանուր առմամբ, գոհ եմ 2024-ից։ Իհարկե դժվարություններ եղան, բայց հիշվող եւ գեղեցիկ պահեր եւս շատ են եղել։ 3 երկիր գնացի, սիրում եմ շրջագայել։ Հուսով եմ՝ այս տարի թիվը կավելանա։
Ի՞նչ ակնկալիք ունես 2025-ից:
2025-ից ակնկալիքներս ավելի շատ մասնագիտական են։ Նոր նախագիծն արդեն ճանապարհին է։
Քո Ամանրյա մաղթանքը:
Մաղթում եմ ամուր նյարդեր, առողջություն եւ խաղաղություն։ Թող իրականանան բոլորի բարի ցանկությունները, ինչպես նաեւ ավելի ամրապնդվի հավատն առ Աստված։ Դա մեզ հիմա ամենաշատն է պետք։
