Նորաձևություն 70-ականների շնչով․ այս աշնանը ոճային միտումները՝ ըստ Ֆաինա Հարությունյանի
Տաք ու արևոտ աշունը ոճային աղջիկներին թույլ է տալիս ոչ միայն հետևել, այլև օգտվել համաշխարհային նորաձևության տների առաջարկած բոլոր միտումներից։ Այս տարի պաստելային երանգներից բացի նորաձև են նաև վառ գույները՝ այդ թվում՝ դեղինի երանգները։
Բացարձակ սևի սիրահարները նորաձև տեսք ունենալու համար ստիպված են մի փոքր գունավորել զգեստապահարանը։ Ոճաբան, դիզայներ Ֆաինա Հարությունյանն այս աշնանը նախապատվությունը տալիս է պիջակներին, տրիկոտաժին, կաշվին ու այդ համատեքստում արված համադրություններին։
.jpg?1571921884505)
Սեփական պահարանի մասին խոսելիս Ֆաինան ծիծաղելով ասաց, որ անկախ ամեն ինչից ինքը սիրում է սև գույնն ու նախընտրում սև զգեստներ, որոնք լրացնում է խոշոր աքսեսուարներով․ «Ես, գրեթե միշտ, նախապատվությունս տալիս եմ սև հագուստին և բավականին մեծ, կոպիտ մատանիներին։ Դրանք ինձ համար միշտ նորաձև են»։
Tert.am Life-ի հետ զրույցի ընթացքում Ֆաինան ասաց, որ աշնանը միշտ նորաձև է դասական երկար վերարկուն պաստելային երանգներով։
«Ինչպես աշնանը, այնպես էլ մյուս եղանակներին պետք է լինել խնամված, նորաձև և, ամենակարևորը, չմոռանալ հարմարավետության մասին։ Համադրությունների համար այս տարի ես ընտրում եմ տրիկոտաժ գործվածքներ և պիջակներ, որոնք համարվում են սեզոնի հիմնական թրենդը։ Այս աշնանը ոճայինների զգեստապարանի must have իրերը, ըստ հիմնական միտումների, պետք է լինեն լայն պիջակները, կաշվե իրերն ու, իհարկե, «թրենչքոթը», որն, ըստ իս, նորաձև է միշտ, անկախ փոփոխվող միտումներից»,- ասաց Ֆաինան։

Դիզայները նշեց, որ անհամադրելին համադրելու միտումը շարունակում է մնալ նորաձև։ Ոճային այս խառնուրդը նորաձևության աշխարհ մուտք է գործել վերջին տարիերին և կայծակնային արագությամբ տարածվել։ Սպորտային կոշիկները դասական հագուստի կամ աղջկական թեթև զգեստի հետ համադրելը նորաձևության ոլորտում ամրապնդել է իր դիրքերը։ Ոճային նման խառնուրդի սիրահարները կարող են ուրախանալ և հանգիստ շունչ քաշել՝ հարմարավետ այս համադրությունը ևս մեկ սեզոն շարունակում է նորաձև լինել։
Անդրադառնալով նորաձև գույներին՝ Ֆաինան ասաց, որ այդ առումով ևս անցյալի միտումները վերադարձել են նորաձևություն․ «Այս աշունը 70-ականների շնչով է լինելու՝ հագեցած այդ շրջանին հատուկ գույներով, վանդակավոր կտորներով ու կաշվով»։
Ինչ վերաբերում է համադրություններին, ոճաբանը վստահ է՝ որքան էլ հայտնի լինեն նորաձևության թրենդները, դա սուբյեկտիվ հարց է. կերպար ստեղծելիս պետք է անհատական մոտեցում։







