Նիկոլ Փաշինյանը կրկին տնտեսական վիճակի մասին անհասկանալի թվեր է հրապարակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ անդրադարձել է տնտեսական ցուցանիշներին։ Այս անգամ վարչապետի գրառման թեման եղել է գործազրկությունը, կամ դրա՝ իր բառերով ասած՝ էական նվազումը։ Նա մասնավորապես գրել է․ «Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով: Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով»: Զարմանալի է, սակայն շարքային ՀՀ քաղաքացու համար այդ էական նվազումը, ինչպես իրեն թույլ է տալիս ասել գործող վարչապետը, չի զգացվում։ Նախ, մոտ 30 հազար նոր աշխատատեղը եթե բացվել է, փոքր թիվ չէ, ու հնարավոր չէ, որ այդ մասին չիմացվեր։ Եթե վեց հոգանոց արտադրամասի բացման մասին տիեզերացունց աղմուկ է հանվում, ապա 30 հազար աշխատատեղի ստեղծման մասին ողջ գալակտիկան կիմանար։ Սակայն կարծես թե այդ մասին կա ընդամենը լռություն։ Հիմա հարց։ Ինչպես է դա նվազել։ Խոսքը կամ վարչարարության խստացմամբ այդ ավելացումը եղել է չգրանցված աշխատողների գրանցման հաշվին, կամ էլ՝ արտագնա աշխատանքի մեկնողների, կամ որ նույնն է՝ արտագաղթի։ Եթե էդքանը ասում է վարչապետը, ինչու նաեւ չի ասում, թե այդ 30 հազար նվազումն ինչի հաշվին է արձանագրել։
