Մոսկվաբնակ սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի հորը զրկել են ՌԴ քաղաքացիությունից
Մոսկվաբնակ սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի հորը՝ Էլմար Բաղդասարյանին, զրկել են ռուսական քաղաքացիությունից։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է փաստաբան Դավիթ Կեմուլարիան։
Նրա խոսքով՝ Էլմար Բաղդասարյանը ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային գլխավոր վարչությունից հաղորդում է ստացել ստուգման արդյունքների մասին։ «Դուք համարվում եք ՌԴ քաղաքացիություն չստացած անձ՝ ըստ օրենքով սահմանված կարգի։ ՌԴ քաղաքացու անձնագրերը տրվել են ընդունված կարգի խախտմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրավարար կարգավիճակի կարգավորման համար գերատեսչությունն առաջարկում է թույլտվություն ստանալ ժամանակավոր կացության համար և դիմել քաղաքացիություն ստանալու համար։
Փաստաբանը կարծում է, որ որոշումն անօրինական է։ Բաղդասարյանը Ռուսաստանում ապրել է մինչև 1991 թվականը և ավտոմատ կերպով ռուսական անձնագիր է ստացել։ «Այն ավտոմատ կերպով է տրվել, և վերցնել այն չի կարելի, այդ դեպքում ստիպված են վերցնել բոլորի անձնագրերը երկրով մեկ։ Դա անօրինական է, մենք կբողոքարկենք այդ որոշումը դատարանում»,- ասել է Կեմուլարիան։
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը վերջին մի քանի տարիներին դատարանի առաջ է կանգնել Gelandewagen մակնիշի մեքենայով Մոսկվայի փողոցներով գերարագ երթևեկության համար։ 2017-ին նրան զրկել են վարորդական իրավունքից։ Վթարի ժամանակ ստացած վնասվածքից հետո բժիշկները նրա մոտ «էպիլեպսիա» են ախտորոշել, որից հետո նա վարորդական իրավունքը կարող է հետ ստանալ միայն բժշկի համաձայնությամբ։
Չնայած դրան՝ Մառան շարունակում էր երթևեկել մեքենայով առանց վարորդական իրավունքի և մի քանի անգամ կրկին հայտնվել է պետավտոտեսուչների ուշադրության կենտրոնում
