«Մնու՞մ ենք ՀԱՊԿ կազմում,թե՞ հեռանում։ Իշխանությունները հստակ պատասխան չեն տալիս»
Այն որ Հայաստանի իշխանությունների և ՀԱՊԿ հարաբերություններում կա լուրջ ճգնաժամ և անջրպետը գնալով խորանում է,կարծում եմ,ոչ մեկի համար գաղտնիք չի հանդիսանում։ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների չեղարկումը,այնուհետև այդ կառույցում նախագահող երկրի տեղակալի քվոտայից մեր երկրի հրաժարումը,ասվածի լավագույն ապացույցն են։
Հայաստանի վարչապետը,փորձելով մեկնաբանել առկա ճգնաժամի պատճառները,շրջանառության մեջ դրեց մի թեզ,որն ավելի շատ բառախաղ է հիշեցնում,քան պարզաբանումներ մտցնում՝Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում սկիզբ առած խորքային հակասությունների մեջ։ Փաշինյանն ասում է,թե մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվում,որ ՀԱՊԿ-նն է հեռանում Հայաստանից և ոչ թե հակառակը։ Այս թեզը նա կրկնեց նաև իր վերջին ասուլիսի ժամանակ,արժանանալով ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի բավականին լկտի,հեգնական մեկնաբանությանը։ Իսկ բոլորովին վերջերս,ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը տվեց անցավ իր քաղաքական թիմի առաջնորդին,արտահայտելով էլ ավելի զարմանահրաշ մի միտք,թե բա.«ՀԱՊԿ-ը նախ պետք է Հայաստան գա,որ հետո դուրս գալու մասին խոսվի»։ Օբյեկտիվ լինենք,իհարկե,ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտականությունները։ Դա ակնհարտ է ու կարծում եմ,երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող։ Այլ հարց է,որ եթե ՀՀ գործող իշխանությունը որոշել է,որ մեր երկիրը պետք է հեռանա այդ կառույցից,նա պարտավոր է այդ մասին բաց խոսել մարդկանց,ներառյալ նաև իր ընտրողների հետ,որպեսզի մեր երկրի բոլոր քաղաքացիները իմանան այդ մասին և իրենց համապատասխան գնահատականը տան։ Փոխարենը մենք կրկին տեսնում ենք բառախաղ և էժան մանիպուլյացիա։ Եթե ՀԱՊԿ-ը Հայաստան չէր եկել,կամ չէր հասել,ապա ինչու՞ էիք պարտաճանաչորեն մասնակցում այդ կազմակերպության բոլոր նիստերին,ինչու՞ այդ կառույցի շրջանակներում զորք ուղարկեցիք Ղազախստան,ինչու՞ էիք անդադար խոսում և առաջարկություններ ներկայացնում մյուս անդամ երկրներին՝ՀԱՊԿ-ը բարեփոխելու մասին,ինչու՞ էիք հարյուրավոր նամակներ ուղարկում՝աջակցության խնդրանքով։ Եթե որոշել եք հեռանալ այդ կառույցից,ուրեմն հեռացեք։ Բայց պարտավորեք նաև հաշվի առնել բոլոր հնարավոր ռիսկերն ու հետևանքները։ Իսկ եթե մնում եք,ուրեմն անիմաստ է երկակի խաղեր խաղալ և այդ կերպ էլ ավելի սրել հայ-ռուսական առանց այն էլ բարդ հարաբերությունները։ Ակնհայտ է,չէ՞,որ ՀԱՊԿ-ում 2-ու երկրների միջև առկա խնդիրները,չեն կարող բացասաբար չանդրադառնալ Հայաստան-Ռուսաստան ընդհանուր հարաբերությունների վրա։ Ես հեռու եմ այն մտքից,որ հայ-ռուսական հարաբերություններում առկա անհասկացվածությունը,կամ եթե ավելի անկեղծ լինենք՝ճգնաժամը,բացառապես Երևանի մեղքով է։ Ոչ,իհարկե։ Խնդիրը ավելի խորն է և առանձին վերլուծության կարիք ունի։
Բայց մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք և հասկանանք,որ երկու թշնամի երկրներով շրջապատված Հայաստանի շահերից ամենևին էլ չի բխում մի հատ էլ Ռուսաստանի պես հսկա պետության հետ թշնամանալը։
Այո,իրավիճակը մեր տարածաշրջանում շատ բարդ է և անկանխատեսելի,կտրուկ շրջադարձերը՝վտանգավոր։ Պետք է ճկուն լինենք և երկխոսենք բոլոր խոշոր խաղացողների,այդ թվում նաև Ռուսաստանի հետ,անկախ այդ հանգամանքից թե դա մեզ դուր է գալիս,թե ոչ։ Քանի որ,ինչպես վերջերս շատ դիպուկ նկատեց հայտնի քաղաքագետներից մեկը,հնարավոր չէ փղի հետ գտնվել նույն սենյակում և չնկատել նրան։ Իհարկե,պետք է խորացնենք մեր հարաբերությունները նաև Արևմուտքի առաջատար երկրների և առաջին հերթին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ,միայն թե բացառելով գերտերություններից որևէ մեկի շահերի սպասարկումը՝ի վնաս մյուսի։ Կարծում եմ,եկել է ժամանակը առհասարակ հրաժեշտ տալու ռուսամետ/արևմտամետ խոսույթին և առաջնորդվել բացառապես մեր ազգային ու պետական շահերով։
Արթուր Օգանեզով (Ambion-News-ի քաղաքական մեկնաբան)
