Մի իրի պատմություն. լուսացույց
Լուսացույցների ծագման պատմությունը սկսվում է 1868 թվականի վերջից։ Հենց այդ ժամանակ Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի պառլամենտի դիմաց, տեղադրվել է աշխարհի առաջին լուսացույցը։ Այն հայտնագործել է Ջոն Փիք Նայթը։ Իհարկե, այն բավականին տարբերվում էր ժամանակակից լուսացույցներից և կառավարվում էր ձեռքով։`
Սարքն իրենից ներկայացնում էր երկու լուսազդանշանային սլաք։ Եթե նրանք հորիզոնական դիրքով էին դասավորվում, նշանակում էր, որ անհրաժեշտ է կանգնել։ Եթե 45 աստիճանով ներքև էին թեքված, ապա անհրաժեշտ էր զգուշությամբ շարժվել։ Երբ փողոցում մութն ընկնում էր, օգտագործում էին գազային լուսամփոփներ, որոնք ազդանշան էին հաղորդում համապատասխանաբար կանաչ կամ կարմիր լույսերով։ Լուսացույցը օգտագործվում էր միայն տրանսպորտային միջոցների համար, որոնք հետիոտների առկայության դեպքում պետք է կանգնեին և ճանապարհ տային նրանց։
Սակայն նման սարքն իրեն լավագույնս չդրսևորեց, քանի որ դեռ մեկ ամիս չանցած, այն պայթեց և վնասեց սարքը կառավարող ոստիկանին։
Քսաներորդ դարի սկզբին ամերիկացի Լեսթեր Վայիրը հայտնագործեց պատմության մեջ առաջին էլեկտրական լուսացույցը, որն արդեն ավելի էր նման ժամանակակից լուսացույցներին։
Հետաքրքիր է, որ լուսացույցներում օգտագործվող գույները ընտրված են դիխրոմազիայով (գունային տեսողության անբավարարություն) տառապող մարդկանց կարիքներից ելնելով։ Նրանք ընդունակ են տարբերել միայն ջերմ (դեղին և կարմիր) և սառը (օրինակ կանաչ) երանգները։ Այդ իսկ պատճառով լուսացույցի վրա կարմիրի և կանաչի միջև տեղադրված է դեղինը։ Բացի այդ, կան մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն տարբերում կարմիրն ու կանաչը, այդ պատճառով այսօր լուսացույցներում օգտագործում են կարմիրը՝ նարնջագույն երանգով, և կանաչը՝ կապույտ երանգով:
