Միջազգային վերապատրաստում Փարիզում․ ընտրվել են 15 հայ լրագրողներ

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում Հայաստանի զանգվածային լրատվության տարբեր միջոցներից ընտրված 15 լրագրողներ ապրիլի 13-ից 15-ը կմասնակցեն «Oxford Training Centre» ընկերության կողմից կազմակերպվող «Advanced Communications and Public Relations Management» (Առաջադեմ հաղորդակցություն և հանրային կապերի կառավարում) թեմայով միջազգային մասնագիտական վերապատրաստման դասընթացին, որը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Նախքան մեկնումը «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հանդիպում է ունեցել ծրագրի մասնակիցների հետ՝ նրանց փոխանցելով տիկին Աննա Հակոբյանի ուղեցույցները, որոնք նա ավանդաբար տրամադրում է արտասահման մեկնող պատվիրակություններին։ Փոխտնօրենը կոչ է արել մասնակիցներին լինել պարտաճանաչ և առավելագույնս օգտվել դասընթացի ընձեռած հնարավորություններից՝ ընդգծելով, որ հիմնադրամը ծրագրի իրականացման համար ներդրել է զգալի ռեսուրսներ և շատ է կարևորում այս փորձը, քանի որ այն կարող է նպաստել անձի, տեղեկատվական ոլորտի ու երկրի զարգացմանը:

Լրագրողները իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են սպասում առաջիկա վերապատրաստմանը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կանդրադառնան մի շարք առանցքային թեմաների, այդ թվում՝ հաղորդակցության առաջադեմ ռազմավարությանը, հանրային կապերի առաջնորդությանը, մեդիա հարաբերություններին և հեղինակության կառավարմանը, ճգնաժամային հաղորդակցությանը, շահակիցների ներգրավմանը, ռազմավարական PR-ին և կազմակերպության դիրքավորմանը, բրենդավորմանը և հանրային պատմությունների ձևավորմանը, ինչպես նաև հաղորդակցության պլանավորմանն ու գնահատմանը։

Ուսուցման մեթոդաբանությունը ներառում է ինտերակտիվ քննարկումներ, իրական դեպքերի վերլուծություն և գործնական վարժություններ, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև կիրառել դրանք պրակտիկ միջավայրում։

Պատվիրակության անդամների մասին ավելի մանրամասն` https://mystep.foundation/hy/2026/04/11/իմ-քայլը-հիմնադրամի-պատվիրակությա-2/

Share This