Մեղավորը պիտի ազատվի ու աշխատանքի գա, որ ճգնաժամը հաղթահարվի
Այսօր Գյումրիի ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը ասուլիս էր հրավիրել և ներկայացրել Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված կառավարման ճգնաժամի լուծման իր տարբերակը, որը ըստ Հակոբյանի` փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանին տնային կալանքից ազատելն ու աշխատանքի վերադարձնելն է։
«ՀՀ քննչական կոմիտեն և գործով քննիչը հնարավորության դեպքում պիտի վերանայեն Գյումրիի քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանի՝ պաշտոնի կասեցման որոշումը և փոխել վերջինիս խափանման միջոցը՝ տնային կալանքը, այն վերածելով ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցով։
Ես դիմում եմ Քննչական կոմիտեին եւ քննիչին, եթե հնարավոր է իրավական այս տիրույթում, հաշվի առնելով համայնքի գերակա շահը, այսքան բնակիչների շահը, ուղղակի անհապաղ փոխել որոշումը, որպեսզի Ջանոյան Սուրենը վերադառնա աշխատանքի»,- ընդգծեց Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով` Գյումրիում արդեն ճգնաժամ չէ, այլ ժամ առ ժամ գնում է կոլապսի։
«Ճիշտ է, կոմունալն աշխատում է, տրանսպորտը կա, բայց կառավարումը չկա, չունենք փաստաթուղթ ստորագրող ու վերահսկելիություն: 2000 հոգուց ավել աշխատակից ունեցող կառույց է սա: Ելքը այն է, որ Ջանոյան Սուրենը վերադառնա իր աշխատանքին: Նա հանրային շահի համար է կալանավորված, ոչ թե խուլիգանության, հիմա իր աշխատանքի վերադառնալն էլ ավելի մեծ հանրային շահ է պահանջում, քան նախորդ հանրային շահը, որի համար կալանավորված է փոխքաղաքապետը: Քննիչն անհապաղ պետք է որոշում փոխի, տնային կալանքը փոխի, որ ունենաք փոխքաղաքապետ, ստորագրություն դնող կլինի, ինքը գործող փոխքաղաքապետ է, ուղղակի լիազորություններն են կասեցվել: Եթե քննիչն էսօր նման որոշում կայացնի, վաղը Ջանոյան Սուրենը աշխատասենյակի դուռը կբացի որպես փոխքաղաքապետ, և ստորագրությունները կգնան»,-ասում է ավագանու անդամը։
Վարդևան Հակոբյանը համոզված է, որ փոխքաղաքապետը ժամ առաջ կգա, կաշխատի, որովհետև դա պատասխանատվություն է ամբողջ քաղաքի առջև։
