Մեծ Բրիտանիայում դադարեցվել է Brexit-ին նվիրված մետաղադրամների թողարկումը
Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկը դադարեցրել է 50 պենս արժողությամբ նոր մետաղադրամների թողարկումը, որոնք ստեղծվել էին հոկտեմբերի 31-ին երկրի՝ Եվրամիությունից դուրս գալու առթիվ: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Guardian-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մետաղադրամների թողարկման կասեցումը պայմանավորված է Brexit-ի ժամկետի հնարավոր հետաձգման հետ: Նշվում է, որ թողարկված մոտ հազար մետաղադրամները տեղափոխվել են պահեստ:
«Մենք դադարեցրել ենք Brexit-ի մետաղադրամների թողարկումը և ժամանակին ճիշտ պահին վերջնական որոշում կկայացնենք»,- հայտնել են թագավորական գանձարանից:
Ըստ աղբյուրի՝ թողարկված հազար մետաղադրամները հնարավոր է հետագայում աճուրդի հանվեն, մեկ մետաղադրամի արժեքը կարող է հասնել 800 ֆունտի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչև հոկտեմբերի 31-ը Մեծ Բրիտանիայում նախատեսվում էր թողարկել 50 պենս արժողությամբ 3 միլիոն մետաղադրամ: Եվս 7 միլիոնը նախատեսվում էր թողարկվել հաջորդ տարի:
Մետաղադրամների վրա պետք է նշված լիներ՝ «Խաղաղություն, բարգավաճում և բարեկամություն բոլոր ժողովուրդների հետ», ինչպես նաև Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու տարեթիվն ու ամսաթիվը՝ 2019 թվականի հոկտեմբերի 31:
